Մանբիջի հարցում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության ենք եկել. Չավուշօղլու
Международные новостиԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ սիրիական Մանբիջում և Եփրատի արևելյան ափին ռազմական գործողությունների նախաձեռնման հարցում իրենք արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱՄՆ-ի հետ, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
«Աֆրինի գործողության դժվարին մասն արդեն հաղթահարված է: ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններ ունենք Մանբիջի ու Եփրատի արևելքի հետ կապված: Մարտի 19-ին Ռեքս Թիլերսոնի հետ թեմայի շուրջ հանդիպում եմ ունենալու»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն ամեն վայրկյան կարող է մտնել Աֆրինի նույնանուն քաղաք-շրջկենտրոն:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ. ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: