Գյումրեցի արվեստագետի աշխատանքները հաջողությամբ ցուցադրվում են Ֆրանսիայում
КультураՀայկական HayAr ապրանքանիշն այս օրերին ներկայացված է Pole Bijou ցուցասրահում բացված «Պատերազմում» (AT WAR) ցուցադրությանը: Ըստ նախնական պայմանավորվածության, ապրանքանիշի հեղինակը ցուցադրության պետք է ներկայացներ 7 գործ, սակայն այցելուների հետաքրքրությունը հաշվի առնելով, նախաձեռնողները ցուցադրում են մոտ 20 աշխատանք:
Ապրանքանիշի հեղինակ Արտակ Թադևոսյանը հրավեր էր ստացել Ֆրանսիայի Բաքարա քաղաքից: Հեղինակը օրերս վերադարձել է Ֆրանսիայից, սակայն նրա գործերն այնտեղ են մնալու 6 ամիս: Աշխատանքները ֆրանսիացիներին հետաքրքրել են իրենց բնույթով՝ պատրաստված են պարկուճներից, փամփուշտից ու արկերի մնացորդներից: Մահվան գաղափարի հետ զուգորդվող զինամթերքը արվեստագետի ձեռքում դառնում է գեղեցիկ կախազարդ, մատանի, թևնոց կամ ապարանջան:
Հիմնական աշխատանքը Արտակինն է, իսկ զարդի ձևի ու դիզայնի խորհրդատուն կինն է՝ Հայարփին: Այստեղից էլ՝ ամուսինների անունների հապավմամբ առաջացավ ապրանքանիշի անվանումը՝ HayAr: «Իրոք, այս ցուցադրությունը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները. աննկարագրելի մթնոլորտ ու կազմակերպչական բարձր մակարդակ: Ինձ համար ոչ միայն պատիվ է ներկա գտնվել ու մասնակիցը լինել այս ցուցադրության, այլ նաև զարմանալի, որ մարդիկ իմանալով նաև իմ գործերի մասին 800-1200 կմ կտրելով եկել էին տեսնելու դրանք՝ ամենահուզիչը դա է:
Ի դեպ, շատերը՝ հակապես ֆրանսիացիներ, իմ գործերը կապում էին ցեղասպանության հետ՝ շեշտելով, որ թեև հայ ժողովուրդը ցեղասպանության զոհ է, սակայն իր մեջ բռնության ոչ մի նշույլ չկա , ավելին, զենքը, որը մահ է սփռում, հայի ձեռքերով արվեստի գործ է դարձել»,- նշեց նկարիչը: Արտակի զարդերը մեկ այլ առանձնահատկություն էլ ունեն՝ պատրաստված են առանց ոսկերչական գործիքների, բացառապես ինքնաշեն գործիքներով, այն ամենով, ինչ Արտակն ունի ձեռքի տակ: Սա ևս զարմացրել էր ցուցադրության մասնակիցներին և այցելուներին:
«Մյուս երկրների արվեստագետներ ներկայացնում էին իրենց հնարավորությունները, ես՝ իմ: Ճիշտ է, իրենք «շոկ ապրեցին» իմանալով թե որտեղ է իմ «արհեստանոց»-ը ու ինչ գործիքներով եմ աշխատում, բայց դա էլ ավելի հետաքրքրեց նրանց: Հատկապես հավանում էին մանրանկարչությունն ու Ջուղայի խաչքարերի զարդ-կրկնօրինակները»,-ընդգծեց Արտակը՝ փաստելով, որ այդ ընթացքում ինքը ստացել է մեկ այլ ցուցահանդեսի մասնակցելու հրավեր՝ այս անգամ Ֆրանսիայի Մեց քաղաքի «Բոթեքա» ցուցասրահում ապրիլի 6-8-ը:
«Քանի որ այս ընթացքում աշխատանքները դեռ Բաքարայում են, պայմանավորվածության են եկել կազմակերպիչների հետ, որ 7 գործ տեղափոխվի Մեց»,-նշեց Արտակը՝ հույս հայտնելով, որ գուցե նմանատիպ ցուցադրություն կազմակերպվի նաև Հայաստանում՝ հնարավորություն տալով երիտասարդ հայ արվեստագետներին ներկայացնելու իրենց այս կարգի գործերը:
Արմենուհի Մխոյան