Արսեն Բաբայանը՝ Mercedes S Class-ի, լուսարձակների և իր «արտոնությունների» մասին
Այսօր «Հրապարակ» օրաթերթը տեղեկություն է տարածել այն մասին, որ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ծառայողական պետ. համարանիշները տեղադրել է իր սեփական Mercedes S Class մեքենայի վրա, ինչն օրենքի կոպիտ խախտում է.
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Արսեն Բաբայանը հերքեց տարածված ինֆորմացիան. «Ես այդպիսի մեքենա չունեմ և այդ մասին առաջին անգամ մամուլից իմացա»:
Հարցրինք նաև' ինչպե՞ս է ստացվել, որ թույլատրվել է վարչությանը սպասարկող Toyota Camry մեքենան մտնի Ազգային ժողովի բակ, այն դեպքում, երբ նման իրավունք Ազգային ժողովում ունեն միայն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, աշխատակազմի ղեկավարը, խմբակցությունների ղեկավարներն ու էլի մի երկու բարձրաստիճան պաշտոնյա:
Բաբայանը պատասխանեց, որ նշված ցանկը սպառիչ չէ, իսկ մուտքի իրավունք ունեցող մեքենաների ցանկը հաստատվել է շատ վաղուց, մի քանի տարի առաջ, ինչի հետ ինքն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն ընդհանրապես առնչություն չեն ունեցել:
Ըստ նույն հրապարակման, Արսեն Բաբայանի ծառայողական Toyota Camry մեքենայի դիմային հատվածում՝ ռադիատորի քողարկիչի տակ, վերջին շրջանում, առկայծող փարոսիկներով լրացուցիչ լուսարձակներ են հայտնվել, ինչը ևս խախտում է:
Այս մասին ևս Արսեն Բաբայանը իմացել է միայն մամուլի հրապարակումից. «Լուսարձակները, պարզվում է, տեղադրվել են մեքենայի վրա շուրջ մեկ տարի առաջ: Ցավոք, ինքս դրանք չէի նկատել: Վարչությանը սպասարկող մեքենան մանրամասն չեմ ուսումնասիրել, գործառույթներս առանց այդ էլ շատ են: Արդեն հանձնարարել եմ լուսարձակներն անմիջապես հեռացնել»- հայտնեց Բաբայանը: