ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով սիրիական Մանբիջի շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները կարող են հետաձգվել
Международные новостиԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով սիրիական Մանբիջի շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները կարող են հետաձգվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ն:
«Մարտի 19-ին նախատեսված հանդիպումը Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով կարող է հետաձգվել: Չնայած, որ Թիլերսոնը պաշտոնից հեռացավ թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամային փուլում, սակայն մենք ցանկանում ենք նոր արտգործնախարար Մայք Պոմպեոի հետ աշխատել նույնպիսի փոխըմբռնմամբ»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը մարտի 13-ին հայտարարել էր, որ Թուրքիան վճռական է տրամադրված սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և իր որոշումն արդեն կայացրել է:
«Եթե անգամ մենք չկարողանաք համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջում քրդերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում, Թուրքիան իր որոշումն արդեն կայացրել է և վճռականորեն իրագործելու է այն»,-նշել է Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Բոզդաղը հայտարարել է, որ Մևլութ Չավուշօղլուն այս թեմայով հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում, ինչից հետո պարզ կլինեն բանակցությունների վերջնական արդյունքները: