Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին ԳԴՀ Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ОбществоՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Վստահություն հայտնելով, որ Անգելա Մերկելի անցած հարուստ պետական եւ քաղաքական ուղին կշարունակի իր ծանրակշիռ ավանդը բերել Գերմանիայի զարգացմանն ու բարգավաճմանը, գերմանացի բարեկամ ժողովրդի բարեկեցությանը, միջազգային ասպարեզում ԳԴՀ ծանրակշիռ դերակատարության ամրապնդմանը, Հանրապետության Նախագահը Կանցլերին մաղթել է հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Անգելա Մերկելի նոր պաշտոնավարման ընթացքում եւս հայ-գերմանական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ եւ ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:
«Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Գերմանիան Հայաստանի հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների եւ տնտեսական զարգացման ակտիվ աջակիցը: Այսօր հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը նոր մակարդակի վրա է, զարգանում են տնտեսական փոխգործակցությունը, մշակութային, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված հարաբերությունները:
Մեր երկիրն այս տարի թեւակոխում է պետական զարգացման նոր փուլ. անցում է կատարում քաղաքական կառավարման մի համակարգի, որը տասնամյակներ շարունակ նպաստել է ԳԴՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայաստանի խորհրդարանական համակարգի կայացման ճանապարհին մեծապես կարեւորում ենք Գերմանիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը:
Բարձր եմ գնահատում նաեւ գերմանական կողմի աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, որը նոր մակարդակի է բարձրացել 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շնորհիվ»,-ասված է ԳԴՀ Կանցլերին ուղղված Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Ուղերձում Նախագահն անդրադարձել է նաեւ միջկուսակցական համագործակցությանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Գերմանիայի «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության միջեւ երկկողմ ձեւաչափով եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության շրջանակներում:
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Աննեգրեթ Քրամփ-Քարրենբաուերին՝ «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: