Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ПолитикаԿոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Քրիստիան Յուլի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Զրուցակիցները, կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նշեցին, որ այս ձևաչափով Հայաստանի և Դանիայի միջև կապերի ամրապնդումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը:
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները՝ կարևորելով այս ուղղությամբ միջազգային հանրության համատեղ ջանքերը։
Նախարար Նալբանդյանը զրուցակցին տեղեկացրեց սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի անցման մասին:
Հանդիպման օրակարգում էին տարբեր բնագավառներում հայ-դանիական փոխգործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հիմնախնդիրներ:
Էդվարդ Նալբանդյանը Դանիայի խորհրդարանի ղեկավարի տեղակալին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը»: