Ադրբեջանցի ակտիվիստներն ԱՄՆ-ում Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով նրա հրաժարականը
Международные новостиԱդրբեջանցի ակտիվիստները մարտի 14-ին Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանատան դիմաց Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվական գործակալությունը:
«Սա մեր առաջին քայլն է, սակայն այս ամենը շարունակվելու է: Մեր նպատակն է մեր ձայնը Ադրբեջանին լսելի դարձնել»,-խոսելով ակցիայի նպատակների մասին՝ նշել է ադրբեջանցի ակտիվիստներից մեկը:
Ակտիվիստներն ակցիային մասնակցել են դիմակներով և պաստառներով, որոնց վրա գրված են եղել «Դիմադրիր Ալիևին», «Ազատություն ադրբեջանցի ժողովրդին», «Բռնապետը նույնն է, դարն է ուրիշ», «Պաշտպանեք մարդու իրավունքները» կոչերը:
Ակցիայի մասնակիցներն անդրադարձել են նաև ներկայումս Ադրբեջանում ձերբակալված հարյուրավոր քաղբանտարկյալներին և երկրի ղեկավարությունից պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց:
Ակցիայի ժամանակ ադրբեջանցի վտարանդի ակտիվիստները քննադատել են Ադրբեջանում իրենց ընտանիքների անդամների նկատմամբ իրականացվող ճնշումները և պահանջել Իլհամ Ալիևի կառավարության հրաժարականը:
«Իլգար Մամեդովից, Աֆղան Մուխտարլիից, Գիյաս Մամեդովից և Գյոզալ Բայրամլիից բացի, Ադրբեջանում կան 200-ից ավելի քաղբանտարկյալներ: Որպես արտասահմանում բնակվող և մեր երկիրը սիրող մարդիկ՝ մենք նույնպես հայտնում ենք մեր դժգոհությունն ու պահանջում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,-նշել են ակտիվիստները:
«Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հարցին, թե ինչու են ակտիվիստները դիմակով, նրանք պատասխանել են, որ դիմակների միջոցով փորձում են թաքցնել իրենց դեմքը, որպեսզի Ադրբեջանում իշխանությունները ճնշումների չենթարկեն իրենց հարազատներին: