ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 37 անդամ միացել են Հայաստանին և Արցախին 70 մլն դոլար հատկացնելու կոչին
Международные новостиՄիացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին օգնության հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և անդամ Նիտա Լոուեյին՝ 2019 թվականի ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 մլն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին: Այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:
«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղել կոնգրեսմեն Փալոնեին, հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի և Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» փաթեթին աջակցելու գործին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքական առաջնահերթությունները համապատասխանում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից առաջարկված օգնության ծավալներին, որոնք փետրվարին ներկայացվել էին Սենատին: Այն ենթադրում է 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախին. 6 մլն ԱՄՆ դոլարը՝ ավարտին հասցնելու ականազերծման աշխատանքները, օգնություն ցուցաբերելու հաշմանդամներին, իսկ 4 մլն ԱՄՆ դոլարը՝ աջակցելու խաղաղության հաստատման Ռոյս-Էնգել առաջարկին:
Հայաստանին առաջարկվում է տրամադրել 60 մլն ԱՄՆ դոլար. 30 մլն ԱՄՆ դոլարը՝ որպես տնտեսական աջակցություն, 10 մլնը՝ ռազմական օգնություն և 20 մլնը՝ օգնելու Հայաստանին ծառայելու որպես մերձավորարևելյան շրջանից եկող փախստականների համար ապահով վայր:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն առաջարկել է նաև կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը և ուժեղացնել 907-րդ բանաձևը՝ «Ազատության աջակցության ակտ»-ը, որով սահմանափակվում է Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի այն դեռ չի դադարեցրել թշնամական գործողությունները Հայաստանի դեմ: