Կիևում Սաակաշվիլիի կողմնակիցները ցույց են կազմակերպել՝ պահանջելով Պորոշենկոյի հրաժարականը
Международные новостиԿիևի Անկախության հրապարակում կիրակի ցույց են կազմակերպել Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության կողմնակիցները, որոնք պահանջում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը և այլ փոփոխություններ երկրի քաղաքական կյանքում:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Կիևի կենտրոնական հրապարակում դեռևս շուրջ 1.5 հազար մարդ է գտնվում: Ցուցարարների ձեռքերին Ուկրաինայի դրոշներ կան:
Հավաքված ցուցարարների առաջ ելույթ են ունենում տարբեր քաղաքական-հասարակական գործիչներ: Նշվում է, որ հավաքին ներկա է եղել նաև Գերագույն ռադայի ազգային պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, սակայն ելույթով հանդես չի եկել:
Ցույցի մասնակիցներն ավելի ուշ սկսել են ապամոնտաժել Ղրիմի կորստի 4-րդ տարելիցին նվիրված մետաղական կառույցները, որոնք հրապարակում տեղադրվել էին օրեր առաջ:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ներկա պահին գտնվում է Նիդերլանդներում: Փետրվարի 12-ին նրան ձերբակալել էին Կիևի կենտրոնում, տարել օդանավակայան և ուղարկել Լեհաստան, որտեղից նա հատել էր երկրի սահմանն ու մտել Ուկրաինա: Երկրի պետական սահմանային ծառայությունը մինչև 2021 թվականն արգելել է գործիչի մուտքն Ուկրաինա: