Իրանի քաղաքացին սահմանին իրեն սպասող հայերին նետել է 3 կգ «ափիոն». ԱԱԾ-ն կանխել է թմրամիջոցի խոշոր մաքսանենգության դեպքը
ОбществоՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ, կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ներկրման հերթական դեպքը` խափանելով ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգության առավել վտանգավորություն ներկայացնող կայուն ուղի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Լ.Ս.-ն Մեղրիի հատվածում մոտեցել է հայ-իրանական սահմանագծին և հայկական կողմում իրեն նախապես սպասող ՀՀ քաղաքացիներ Գ.Հ.-ի և Է.Հ.-ի ուղղությամբ` ինժեներա-տեխնիկական կառույցների փշալարերի վրայով, նետել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցով 2 փաթեթ: Փաթեթները վերցնելով՝ ՀՀ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով փորձել են դրանք տեղափոխել, սակայն բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգություն») և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով»), նշված ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են:
Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» տեսակի թմրամիջոցի արժեքը «սև շուկայում» կարող է կազմել շուրջ 70 մլն դրամ։
Ընթանում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։