Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսի աշխատանքները ներկայացվելու են կատալոգի տեսքով
КультураԵրիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսում ներառված է 35 տարեկան 50 հեղինակի շուրջ 75 աշխատանք՝ գեղանկար, քանդակ։ Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 21-ին Հայաստանի նկարիչների միությունում:
«Գրեթե ամեն տարի կազմակերպում ենք երիտասարդ նկարիչների հանրապետական ցուցահանդես, որին կարող են մասնակցել և’ նկարիչների միության մինչև 35 տարեկան անդամները, և’ այն շրջանավարտները, որոնք որակյալ գործեր են ստեղծում: Ներկայացված էր 200 աշխատանք, սակայն ցուցահանդեսում զետեղվել են ոչ բոլոր գործերը: Դրանք ընտրելիս մեծ ուշադրություն ենք դարձրել գեղարվեստական արժեքին»,- նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Նա շեշտեց, որ ստեղծվել է հանձնաժողով և ընտրվել է երկու լավագույն գործ, որոնք նկարիչների միության դիպլոմներ կստանան. մեկը Արմեն Առաքելյանի կերամիկական աշխատանքն է, մյուսը` Նարեկ Կնյազյանի ստեղծած քանդակը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի խոսքով` հիմնադրամը հաճախ է հարթակ տրամադրում ուսանողներին: «Այս անգամ նրանցից բացի ներկայացվել են այլ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ, և ցուցահանդեսն ավելի պրոֆեսիոնալ է, քանի որ դրա մասնագիտական մասն իրականացրել է նկարիչների միությունը»,-ընդգծեց նա:
Ավագյանը շեշտեց, որ ցուցադրությունը գրքի տեսք է ստանալու, և ներկայացված ստեղծագործությունների մի մասը տպագրվելու է գրքույկում, որը հիմնադրամի նվերը կլինի Նկարիչների միությանը և երիտասարդ ստեղծագործողներին:
Ցուցահանդեսում զետեղված «Հայտնություն», «Իներցիա», «Զգացմունք» կտավների հեղինակ Դավիթ Դանիելյանն ասաց, որ ամեն նկար իր զգացմունքն ունի, գույները, բառերի պես կապակցվելով, նախադասություն են դառնում: «Ստեղծագործում եմ աբստրակտ ժանրում, որն ինձ համար երևակայական գեղանկարչությունն է: Նկարում եմ այդ պահին ապրածս հույզերը, իհարկե, նկարը մեկ օրում չեմ ավարտում, բայց հոգով, սրտով կտավի հետ եմ և մինչև չեմ ավարտում այն, տրամադրությունը չի փոխվում»,-նշեց նկարիչը և հավելեց, որ աբստրակցիան յուրաքանչյուր մարդ կարող է յուրովի ընկալել` տեսնելով իր պատկերները:
Անդրադառնալով ցուցահանդեսին` Դավիթ Դանիելյանն ասաց, որ լավ կլինի, եթե հաճախ կազմակերպվեն նման ցուցահանդեսներ, որպեսզի երիտասարդները կարողանան հաճախ արվեստասերներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները: «Տեսնում եմ տաղանդավոր նկարիչների գործեր, որոնցից բավականին բան եմ քաղում և ծանոթանում նորություններին: Ուրախ եմ, որ մեր երկրում շնորհալիները շատ են»,-եզրափակեց նա:
Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Այն բաց կլինի մինչև մարտի 31-ը: