Թատերական գործիչները բարձրաձայնել են թատերգության և դրամատուրգիայի խնդիրների մասին
КультураՈլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են` հայ ռեժիսորները հաճախ նախընտրում են բեմադրել արտասահմանյան պիեսներ: Զարգացած չէ նաև թատերագիտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց մասնագետները:
«Մեր ռեժիսորների աչքը ամերիկյանի, եվրոպականի կողմն է: Նրանք առավել հաճախ հենց այդ երկրների գործերն են բեմադրում: Խաղացանկերը նայելով հասկանում եմ, որ մեծ սեր կա դեպի ամերիկյան և անգլիական ժամանակակից պիեսներ: Յուրաքանչյուր թատրոն անպայման պետք է ունենա հայ դասական և ժամանակակից հեղինակների գործեր»,-ասաց բեմադրիչ, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:
Նրա խոսքով` իրենց թատրոնում ունեն նաև ռուսական գործեր, սակայն գերակշռողը պետք է լինի հայ դասական և ժամանակակից դրամատուրգիան:
Հպարտությամբ նշեց, որ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայում բեմադրում են Սունդուկյանի Պարոնյանի, Շիրվազադեի, Օտյանի գործերը: «28 ներկայացումից 16-ը հայ ժամանակակիցների հեղինակածներից է: Հայ մարդն ուզում է տեսնել իրեն, իր շրջապատը: Պատահական չէ, որ այդ պիեսների վրա ստեղծված ներկայացումները գրեթե 15 տարի մեր խաղացանկում են, և մինչ հիմա հետաքրքրում են հանդիսատեսին»,-նշեց Ղազանչյանը:
Դրամատուրգ Խոդիկյանը նկատեց, որ այսօր կան նաև արևմուտքում ստեղծվող գործեր, որոնք հայ հանդիսատեսը պարտավոր է տեսնել:
Բարձրաձայնելով թատրոնի անբաժան մասը կազմող թատերագիտության մասին` թատերագետ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ ներկայացումների մասին վերլուծական հոդվածներ գրելը տքնաջան աշխատանք է: Նրա խոսքով` ծավալուն թատերախոսական նյութ, վերլուծություն գրելը գրեթե երկու ամիս է պահանջում: Նման նյութի համար ընդամենը 15 000 դրամ են վարձատրում, իսկ այդ գումարով ոչ բոլորը կհամաձայնեն աշխատել:
Թատերգությունը թատրոնի հեռահար և երկարաժամկետ ներդրումներ պահանջող հենարաններից, ենթակառուցվածքներից է, առանց որի չի կարող գոյություն ունենալ իրական, կենդանի թատրոնը առանց թատրոնի էլ`թատերագիտությունը: