Մոսկվայում ԵՄ դեսպանի հետկանչը Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության նշան էր․ Պեսկով
Международные новостиՌուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերի հետկանչումը Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության նշան էր։ Այս մասին «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք հասկանում ենք, որ Եվրամիության, ՆԱՏՕ-ի ներսում կան համերաշխության պարամետրեր եւ այդ պատճառով երկրները այդպես են իրենց համերաշխությունը դրսեւորում»,-ասել է նա։
«Բայց մենք ուշադրություն ենք ցանկանում հրավիրել օգտագործվող ձեւակերպումների վրա, չէ որ ո՛չ Բրիտանիան, ո՛չ նրա դաշնակիցները միանշանակ ձեւակերպումներ չեն օգագործում ինչ-որ մեղադրանք առաջադրելիս»,-նկատել է Պեսկովը։
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ ռուս դիվանագետներին երկուշաբթի արտաքսելու մասին կհայտարարեն Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Չեխիան, Նիդերլանդները, Բուլղարիան, Իռլանդիան եւ մի շարք այլ երկրներ:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել էր Գլխավոր հետախուզության վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման հետ առնչություն ունենալու համար։ Պաշտոնական ապացույցներ չէին ներկայացվել։
Բրիտանիայի արտգործնախարարությունը արտաքսել է 23 ռուս դիվանագետի, ինչպես նաեւ հետ է կանչել ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի լոնդոնյան այցի հրավերը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ պատրաստվում է ի պատասխան այդ միջոցների արտաքսել 23 բրիտանացի դիվանագետի, նաեւ հայտնել է Բրիտանական խորհրդի գործունեության դադարի մասին։