ԱՄՆ կոնգրեսականները ցավակցություն են հայտնել Արցախում ականի պայթյունից զոհվածների հարազատներին
ОбществоԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամները հայտարարությամբ են հանդես եկել Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելու ընթացքում ականի պայթյունի միջադեպի կապակցությամբ, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Ինչպես տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի նախագահ Ֆրենկ Փալոնն ընդգծել է, որ չնայած ականների վնասազերծման ժամանակ առկա մշտական վտանգին՝ խորը մտահոգություն է ապրել, երբ լսել է ողբերգական միջադեպի մասին: «Ես ցավակցություն եմ հայտնում զոհված անձանց ընտանիքներին: Արցախը կարող է արագ հաղթահարել տեղի ունեցածի հետևանքները: Ես հույս եմ հայտնում, որ այս իրադարձությունը լույս կսփռի շատ կարևոր աշխատանք իրականացնող կազմակերպությունների վրա, ինչպիսին է Halo trust-ը: Իսկ ականազերծման աշխատանքները պետք է շարունակվեն և պետք է առավելագույնս անվտանգ լինեն»,- ասել է Փալոնը:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը նշել է, որ խորը ցավ է ապրել՝ լսելով ականազերծման աշխատանքներ իրականացնելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների մասին: Ցավակցում եմ զոհերի ընտանիքին, ընկերներին և հարազատներին, իմ աղոթքներում են: Արցախի ժողովուրդը շարունակում է կրել պատերազմի կործանարար հետևանքները: Ես խոստանում եմ շարունակել իմ աջակցությունը HALO trust-ին և Արցախին»,- նշել է Սփիերը:
Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն էլ ընդգծել է, որ ցավում է ականի պայթյունի հետևանքով զոհված և վիրավորված անձանց համար, ովքեր իրենց կյանքը վտանգի տակ են դրել ուրիշների անվտանգությունն ապահովելու համար: «Նրանց զոհաբերությունը երբեք չի մոռացվի: Այս ողբերգությունը ևս մեկ հիշեցում է տարածաշրջանում առկա վտանգի մասին, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի հասնենք նրան, որ մարդիկ այդտեղ ապրել առանց նման պատահարների զոհ դառնալու վախի»,- ասել է Վալադաոն:
«HALO Trust» կազմակերպությունը հաստատում է, որ մարտի 29-ի առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։ Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվել են մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի (ծնվ. 1974 թ.) վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում: Ականի պայթյունի հետեւանքով վիրավորված մյուս հիվանդի` Գարիկ Ղահրիյանի (ծնվ. 1987 թ.) վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են: