Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Համբուրգում բիսերով է ընդունվել
КультураՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 28-ին Համբուրգի նշանավոր դահլիճներից մեկում՝ «Էլբ-ֆիլհարմոնիայում», հանդես է եկել համերգային ծրագրով, որի ընթացքում նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը կատարել են ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ շատ կարևոր է «Էլբ ֆիլհարմոնիայում», որը մեր օրերում աշխարհի ամենապահանջված և հայտնի դահլիճներից է, հնչեցնել հայկական ժամանակակից և դասական երաժշտությունը: «Հատուկ այդ համերգի համար Էդուարդ Հայրապետյանը գրեց Թավջութակի կոնցերտ: Հրաշալի է, որ օտար երկրում երաժշտասերները, ծանոթանալով մեր երաժշտարվեստին, տեսնում են, որ Հայաստանն այդ ոլորտում հարուստ և յուրահատուկ ավանդույթներ ունի»,-ընդգծեց Սմբատյանը:
Նա շեշտեց, որ արտերկրում շատերն են ճանաչում Արամ Խաչատրյանի գործերը, սակայն նրա Երկրորդ սիմֆոնիան հաճախ չի հնչում. տարին մեկ կամ երկու անգամ:
«Համերգից մի քանի ամիս առաջ բոլոր տոմսերը վաճառվել էին, ելույթից հետո մեզ հոտնկայս ծափահարություններով ճանապարհեցին, երաժշտասերները մի քանի անգամ բիսերի էին հրավիրում մեզ»,-պատմեց դիրիժորը:
Նրա խոսքով` Գերմանիան երկիր է, որի բնակչությունը շատ լավ է զգում դասական երաժշտությունը, երկիր է, որի բնակիչները հասարակական վայրերում հաճախ խոսում են դասական երաժշտության, այս կամ այն կոմպոզիտորի գործերի մասին: Հետևաբար` նման միջավայրում հաջողության հասնելը մեծ ցուցանիշ է:
Անժելա Համբարձումյան