Կիմ Չեն Ընի հետ Թրամփի հանդիպման նպատակը ԿԺԴՀ–ի ապամիջուկայնացումն է. ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար
Международные новостиԱՄՆ–ն պնդում է Հյուսիսային Կորեայի ամբողջական, ստուգելի և անշրջելի ապամիջուկայնացման շուրջ։ Այս մասին Սեուլում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է Կորեայի հանրապետությունում ԱՄՆ–ի ժամանակավոր հավատարմատար Մարկ Նեպերը։
«Միացյալ Նահանգների քաղաքականությունն անփոփոխ է։ Մենք ցանկանում ենք փոխգործակցել Հյուսիսային Կորեայի հետ, սակայն Փհենյանի հետ երկխոսության գլխավոր նպատակը Կորեական թերակղզու ամբողջական, ստուգված և անշրջելի ապամիջուկայնացումն է»,–շեշտել է Նեպերը՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի գարնանը նախատեսված հանդիպման մասին։
Ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ Վաշինգթոնը որոշակի հույսեր ունի գագաթաժողովի առնչությամբ, սակայն դրա հետ մեկտեղ իրերին «իրատեսական է նայում»։ Նա այս առնչությամբ հիշեցրել է, որ երկու տասնամյակ շարունակ միջազգային հանրությանը չի հաջողվել ստիպել Փհենյանին հրաժարվել միջուկային զենքի պատրաստումից։
Խոսելով Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին՝ Նեպերը շեշտել է, որ դրանց նպատակը Հյուսիսին ապամիջուկայնացման հարցով երկխոսություն սկսելն համոզելն է։
Նեպերը նաև հերքել է այն տեղեկությունը, թե ԱՄՆ–ի և Կորեայի հանրապետության միջև տարաձայնություններ կան Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության հարցում. «Մեր մոտեցումները Հյուսիսի խնդրում համընկնում են։ Համաձայն ենք Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի խոսքերի հետ այն մասին, որ առանց ապամիջուկայնացման երկու Կորեաների միջև հարաբերությունները անհնար են»,–նշել է ժամանակավոր հավատարմատարը։