Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 14 միլիոն 121 հազար խորանարդ մետր ջուր
ОбществоՄարտ ամսի վերջերից սկսած՝ վերագործարկված Արփա-Սեւան թունելային ջրատարը սկսել է սնուցել Սեւանա լիճը՝ նպաստելով լճի մակարդակի որոշակի բարձրացմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 14 միլիոն 121 հազար խորանարդ մետր ջուր: Նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 54 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Ստորերկրյա հոսքի միջոցով Սեւանա լիճ է լցվել 8 միլիոն 296 հազար խմ ջուր: Սեւան թափվող գետերն ու գետակները հոսում են ձմեռային փուլին բնորոշ հոսքերից ավելի ելքերով: Ապրիլի 4-ի դրությամբ Սեւան թափվող ամենաջրառատ գետի՝ Արգիճիի ելքը կազմել է 20 խմ/վրկ ջուր: Գավառագետի ելքը կազմել է 5,58, Մասրիկ գետի ելքը՝ 7,40 խմ/վրկ: Սեւանա լիճ թափվող գետերն առայժմ էականորեն հեռու են իրենց վտանգավոր ելքերից:
Խոսրով Խլղաթյան