Հայաստանում հաստատված սիրիահայերը սփյուռքի նախարարությանը դիմում են հիմնականում աշխատանքի տեղավորման հարցերով
ОбществоՀայաստանում հաստատված սիրիահայերը ՀՀ սփյուռքի նախարարությանը հիմնականում աշխատանքի տեղավորման խնդիրներով են դիմում: Լրագրողների հետ հանդիպմանը նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ասաց, որ թե նախարարությունը, թե այլ կառույցներ հնարավորինս աջակցում են նրանց Հայաստանում ինտեգրվելու համար:
«Հայաստանում հաստատված սփյուռքահայերի հիմնական հարցերից են առողջապահական խնդիրները: Դրանք պետությունը և մեզ օգնող համահայկական կառույցներն ամբողջությամբ վերցրել են իրենց վրա: Անկախ առողջական խնդիրների բարդությունից և արժեքից` սիրիահայերը շարունակում են բժշկական ծառայություններից օգտվել պետպատվերի շրջանակում: Մինչ այսօր որևէ մերժում չենք արձանագրել: Սիրիահայերը նախարարությանը հիմնական աշխատանքի տեղավորման խնդիրներով են դիմում»,-ասաց Սրապիոնյանն ու հավելեց, որ իրենք օգտագործում են բոլոր լծակները` նրանց աշխատանքով ապահովելու համար:
Նախարարի տեղակալի կարծիքով` նույնիսկ տեղացիները փոքր և միջին բիզնեսում այդքան շուտ հաջողություն չեն արձանագրում, որքան սիրիահայերը:«Իմ կարծիքով` Հայաստանում հաստատված սիրիահայերն ավելի հաջող կերպով են բիզնես գործունեություն ծավալում: Պատճառն այն է, որ նրանց աշխատանքի մշակույթն էապես տարբերվում է այն մշակույթից, որը մենք ժառանգել ենք խորհրդային տարիներից»,-նշեց նա:
Սիրիահայերի համար առաջնահերթ են նաև բնակարանային խնդիրները: Սրապիոնյանի փաստմամբ` նրանք շատ ցածր տոկոսադրույքներով արտոնյալ վարկերով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն ունեն:
«Ինտեգրումը վերջին տարիներին ավելի արագ է տեղի ունենում: Նախարարությունը նաև ձեռնարկում է ամեն քայլ` փրկելու արևմտահայերենը: Սփյուռքի և Հայաստանի լեզվաբանների մասնակցությամբ փորձում ենք ստեղծել արևմտահայերենը պահպանելու, զարգացնելու ռազմավարական ծրագիր»,-եզրափակեց նախարարի տեղակալը: