Ադրբեջանում դիտորդներին չեն թույլատրում մուտք գործել ընտրատեղամասեր
Международные новостиԱդրբեջանում շարունակվում են ընտրությունների ժամանակ ավանդական դարձած կեղծումները: Չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած փաստաթղթերի առկայությանը՝ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Մեկ ընտրողը տարբեր ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցում է մի քանի անգամ: Դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր: Այս և այլ ընտրախախտումները շարունակվում են»,-«Թուրան»-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի թեկնածուներից Սարդար Ջալալօղլուի ներկայացուցիչ Թալեաթ Ալիևը:
Ջալալօղլուի ներկայացուցիչը նշել է նաև, որ դիտորդների աշխատանքը խոչընդոտվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք դիտորդական առաքելություն իրականացնելու համար ունեն Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հատկացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում են ութ թեկնածուներ: Ընտրություններում հաղթողի միակ հավակնորդը վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է, ով նախկինում արդեն 3 անգամ ընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թվականներին): Վերջին տարիների ընթացքում նա լռեցրել է երկրում գործող բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին. շատ ընդդիմադիր գործիչներ ազատազրկվել են կամ արտաքսվել երկրից, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը պարզապես դադարեցվել է: Այս ընտրություններն առաջինն են Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։ Այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 309 հազար 434 քաղաքացի, այդ թվում և արտերկրում բնակվող ադրբեջանցիները: