ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարևորել է Արդարադատության ակադեմիայի հետ կառուցողական համագործակցությունը
ОбществоՀայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ապրիլի 11-ին աշխատանքային հանդիպում է անցկացրել Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, աշխատանքային քննարկման ընթացքում Գագիկ Հարությունյանը կարևորել է Արդարադատության ակադեմիայի հետ կառուցողական համագործակցությունը՝ դատավորների թեկնածուների պատրաստման, որակավորման բարձր մակարդակի ապահովման, ինչպես նաև դատավորների վերապատրաստման հետ կապված հարցերում:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն առաջարկել է Սերգեյ Առաքելյանին հնարավորության դեպքում ուսուցման գործընթացում տեսական և գործնական փուլերը դարձնել առավել զուգորդված, նպատակային, մշակել գիտելիքների լիարժեք բացահայտման թեստային ձևաչափ:
Հանդիպման ընթացքում Գագիկ Հարությունյանն առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել քննությունների արդյունքների բողոքարկման մեխանիզմների իրացմանը, գնահատման և բողոքարկման հանձնաժողովների աշխատանքին ցանկացած սուբյեկտիվ միջամտությանը:
Սերգեյ Առաքելյանն իր կողմից պատրաստակամություն է հայտնել հետագա ցանկացած համագործակցության համար: