Ոստիկանությունը կոչ է անում հավաքի մասնակիցներին հարգել համաքաղաքացիների հանգստի իրավունքը
ОбществоՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 07.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում:
«ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում:
ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամանակ ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից, հարգել մեր համաքաղաքացիների հանգստի իրավունքը, և չխաթարել հավաքի վայրի հարակից շենքերի բնակիչների անդորրը»,- նշված է հայտարարության մեջ:
Երկշաբաթյա քայլերթից հետո Երևանի Ազատության հրապարակում ապրիլի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը: Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո ցուցարարները շրջափակել էին Ֆրանսիայի հրապարակը՝ կաթվածահար անելով երթևեկությունն այդ հատվածում: Ֆրանսիայի հրապարակը փակելու արդյունքում այդ տարածքում բազմաթիվ տրանսպորտային միջոցներ հայտնվել են շրջափակման մեջ: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը: