Փաշինյանն ու նրա կողմնակիցները կաթվածահար էին արել Ագաթանգեղոս- Արշակունյաց- Գր. Լուսավորիչ երթևեկությունը
Общество«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Հանրային ռադիոյի տարածքը լքելուց հետո Երևանի փողոցներով շարունակեցին երթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նրանք կրկեսի շենքի հարևանությամբ` Արշակունյաց պողոտայում կաթվածահար էին արել երթևեկությունը:
Վարորդները, այդ հատվածով անցնող երթուղային տրանսպորտային միջոցների ուղևորներն իրենց դժգոհությունն էին հայտնում փողոցը փակելու համար: Մոտ 15 րոպե Ագաթանգեղոս- Արշակունյաց- Գր. Լուսավորիչ խաչմերուկը փակելուց հետո ակցիայի մասնակիցները շարունակեցին իրենց երթը Գրիգոր Լուսավորիչ փողոցով, այնուհետև Մաշտոցի պողոտայով:
Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա քայլերթ էր կազմակերպել, Գյումրիից եկել Երևան` ոտքով կտրել անցնելով 212 կիլոմետր և կատարելով շուրջ 320 հազար քայլ: Ապրիլի 13-ի երեկոյան հանրահավաքից հետո նրանք փակ են պահել Ֆրանսիայի հրապարակը:
ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 07.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում: Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթևեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ և անհարմարություններ:Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը: