Բախում ոստիկանության շենքի մոտ. ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ ճեղքեցին ոստիկանական շղթան (ուղիղ)
ОбществоՑուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ոստիկանության շենքի մոտ բախվեցին ոստիկանների շղթային, որոնք փորձում էին կասեցնել ցուցարարների երթը. վերջիններս ճեղքեցին ոստիկանների շղթան եւ երթով շարժվեցին Նալբանդյան փողոցով: Ոստիկանները փորձեցին դիմադրել, սակայն ի վերջո տեղի տվեցին, եւ ցուցարարները շարունակեցին իրենց երթը:
«Մի փակեք մեր ճանապարհը, որովհետեւ մենք բացելու ենք: Մի փակեք, որովհետեւ սամ մեր հայրենիքն է»,-հայտարարեց Փաշինյանը:
Ցուցարարները վանկարկում են «Քայլ արա, մերժիր Սերժին», «Դասադուլ»:
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա եւ հավելել. «Արթնանում ենք շուտ։ 8:15 սկսվում է Երեւանի արգելափակման գործընթացը։ Մարդիկ, Դավթաշենի, Հաղթանակի, Կիեւյանի մասին է, մեքենայով երթեւեկում են եւ կամուրջի վրա եւ կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է։ Նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են եւ ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում»։