Լիտվայի Վարենա քաղաքում տեղի է ունեցել «Արցախի օր» խորագրով մշակութային միջոցառում
КультураԼիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի կենտրոնում Վարենայի քաղաքապետարանի, «Լիտվա-Արցախ բարեկամության շրջանակի» անդամների և Լիտվայի հայերի միության ջանքերով ապրիլի 13-ին տեղի է ունեցել «Արցախի օր» խորագրով միջոցառում, որին ներկա էին Լիտվայի քաղաքական և մշակութային գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետան, ով, կատարելով պատմական ակնարկ, ներկայացրեց Արցախի ներկան և զարգացման հեռանկարները: Քաղաքապետը նաև նշեց, որ Արցախը բարդ ճանապարհ է անցել և այսօր ներկայանում է որպես ժողովրդավար երկիր: Ալգիս Կաշետան կարևորել է նմանատիպ մշակութային միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ դրանց միջոցով Արցախն առավել լավ ճանաչելու հնարավորություն է ընձեռվում:
Լիտվայի Սեյմասի նախկին պատգամավոր և Լիտվայում «Լիտվա-Արցախ բարեկամների շրջանակի» ներկայացուցիչ Դալյա Կուոդիտեն ընդգծել է, որ արցախցիների կերպարում, ովքեր միշտ պատրաստ են պաշտպանել իրենց հողը, դրոշմված է ազատատենչ ոգին: Դալյա Կուդիտեն նաև հավելել է, որ Արցախը թյուրիմացաբար որպես գոյություն չունեցող պետություն է ներկայացվում, այն դեպքում, երբ այնտեղ պետական բոլոր կառույցները կայացած են:
Ելույթներ են ունեցել նաև Լիտվայի հայերի միության փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը և հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանը:
Ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով կարևորել է օտարերկրյա լսարաններում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումը, նշելով, որ Արցախը հիմնականում ասոցացվում է հակամարտության հետ, մինչդեռ դա նախևառաջ պետություն է՝ պետության բոլոր ատրիբուտներով: Անդրադարնալով «Կյանքն Արցախում» խորագիրը կրող ցուցահանդեսին՝ դեսպանն ընդգծել է, որ վերջինիս միջոցով կարելի է ծանոթանալ Արցախի հարուստ պատմամշակութային և ճարտարապետական ժառանգությանը՝ սկսած մ.թ.ա. 1-ին դարից, ինչպես նաև արցախցիների վարք ու բարքին, արվեստին ու ավանդույթներին: Դեսպանի համոզմամբ՝ պատահական չէ, որ նման պատկերներ տեսնելուց հետո շատերն են ցանկություն հայտնում այցելելու Արցախ:
Մշակույթի կենտրոնի տեսասրահում ցուցադրվել է լատվիացի և լիտվացի բլոգերներ Ալեքսանդր Ալիմովի և Ստանիսլավ Գորբունովի կողմից նկարահանված Արցախի մասին պատմող ճանաչողական «Ճանապարհորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը:
Միջոցառման երկրորդ մասում արցախյան ժողովրդական կատարումներով հանդես են եկել Արցախից հատուկ այս միջոցառման նպատակով հրավիրված Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները՝ թառահար Լևոն Սարդարյանը և քամանչահար Հակոբ Խալաթյանը: Համերգային կատարումները ջերմ ընդունելություն են գտել հանդիսատեսի կողմից:
Տեղեկանք. «Արցախի օր» միջոցառման շրջանակներում ցուցադրվող «Կյանքն Արցախում» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը, որը դեռ երկու շաբաթ բաց է լինելու Վարենայի մշակութային կենտրոնում, ներկայացնում է Արցախի բնաշխարհը, հոգևոր և մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ժողովրդի առօրյա կյանքն ու տնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումները: