«Այնքան եք դատարկել պահեստավորների նստարանը, որ Սերժ Սարգսյանի փոխարինողը միայն Սերժ Սարգսյանն է»
ПолитикаԻնչպես հայտնում է Orer.am-ը, ԱԺ-ում շարունակվում է հատուկ նիստը, որի ժամանակ կընտրվի ՀՀ վարչապետը: Նախկին վարչապետ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում նշեց. «Եղբայրս ասել է՝ 21-րդ դարը մերն է լինելու։ Արդյոք այն ՀՀ-ն, ինչ կա այսօր, Վազգեն Սարգսյանի պատկերացրած ՀՀ-ն է։ 1996թ հետո եղբայրս հետևություններ արեց,1998թ. Կարեն Դեմիրճյանին խնդրեց, որ դաշինք կնքի, որպեսզի ժողովրդի վստահությունը վայելի։ Ասում են` կաշառք չենք բաժանել, է ասե'ք, դրանից բան չի փոխվելու։ Ձեր ասած գաղջ մթնոլորտը հաղթահարե՞լ եք, անվտանգության պատերը քանդե՞լ եք, որ այս շենքի մոտ են դրված։ Ելքը ոչ միայն այս դահլիճում է, այլեւ դրսում է։ Այսքան տարի իշխանության մեջ եք, ի՞նչ եք արել, որ այն փոխանցեք երիտասարդներին։ Այնքան եք դատարկել պահեստավորների նստարանը, որ Սերժ Սարգսյանի փոխարինողը միայն Սերժ Սարգսյանն է։
Արդեն դեժավյու է, չե՞ք հոգնել։ Ղեկավարության 3-րդ ժամկետ եք գնում, քանի որ ԵՏՄ ձեր ոչ մի գործընկեր չի փոխվում ու դրա համար չեք ուզում նրանցից հետ մնաք։ Ինչի՞ եք մնացել այդ առանձնատանը, գնացեք, որ այլ վարչապետ գա։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա փողոցներում, դա բոլորիս մեղքն է, սակայն իսկապես ելք կա։ Եթե հետեւություն չանենք, ապա մարտի մեկեր ու ապրիլի 12-եր էլի են կրկնվելու»: