«Երևան, դու հրաշալի ես». Լապշինը Բաքվում բանտարկվելուց հետո առաջին անգամ ժամանել է Հայաստան
ОбществоՌուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման էր դատապարտվել, առաջին անգամ այցելել է Հայաստան ազատ արձակվելուց և հայրենիք վերադառնալուց հետո: «Երևան, դու հրաշալի ես: Իսկ երևանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Լապշինը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ Լապշինը հայտնել էր Երևան ժամանելու և ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու մտադրության մասին: Նա կատակել էր, որ Հայաստանում ներկայացնելու է Ադրբեջանում ունեցած իր «փորձառությունը»:
«Ես զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երևան: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքվում»: Ծրագիրը կներառի թռիչք Մեհրիբան Ալիևայի (խմբ.- Ադրբեջանի առաջին տիկնոջ) անձնական ինքնաթիռով, հանգիստ Քյուրդախանի բանտում՝ all inclusive, և Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան: Տուրի արժողությունը՝ պայմանագրային… կատակ է:
Իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, այցելեք»,- գրել է Լապշինը:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել իբր «առանց իրենց հետ համաձայնեցնելու» Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառաբանությամբ:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին: