Ոստիկանություն բերման է ենթարկվել 84 անձ
ОбществоՈստիկանության Երևան քաղաքի տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 18-ին օրվա ընթացքում բերման է ենթարկվել 84 անձ: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «30 անձի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, և նրանք բաց են թողնվել: 54 անձ հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել է նախաքննական մարմին»,-նշեցին ոստիկանությունից:
Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Ոստիկանները մեծաթիվ ուժերով փորձում էին բացել Ֆրանսիայի հրապարակի երթևեկությունը. նրանք օղակել էին հրապարակը: Այնտեղից ավտոբուսով երիտասարդներ են տեղափոխվել ոստիկանության բաժին: Դրանից հետո բերման են ենթարկվել նաև Մաշտոց-Թումանյան հատվածից: