Թրամփը հարվածների մասին հրամանը տվել է իր լիազորությունների շրջանակում. Սպիտակ տուն
Международные новостиԼուրերն այն մասին, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը կոչ է արել նախագահին անցյալ շաբաթ Սիրիայի վրա հարձակումից առաջ ստանալ օրենսդիրների հավանությունը, լիովին կեղծ են: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Լուրերն այն մասին, որ նախարար Ջեյմս Մաթիսը կոչ է արել նախագահին անցյալ շաբաթ Սիրիայի վրա հարձակումից առաջ ստանալ օրենսդիրների հավանությունը, լիովին կեղծ են: Ինչպես երեկ Կոնգրեսի անդամների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Մաթիսը, նախագահը հարվածների մասին հրամանը տվել է իր լիազորությունների շրջանակում», -նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Դամասկոսի դեմ հարձակման համար նախագահին երեք տարբերակ էր առաջարկվել: Առաջինը նախատեսում էր քիմիական զենքի հետ կապված սիրիական օբյեկտներին հարվածներ հասցնել: Երկրորդ տարբերակը ռազմական նշանակության հետազոտական կենտրոնների եւ հրամանատարության կետերի հաշվին ընդլայնում էր թիրախների ցանկը: Երրորդը, որը ներառում էր Սիրիայում ռուսական ՀՕՊ համակարգերի ոչնչացումը, ուղղված էր Սիրիայի Զինված ուժերի պաշտպանունակության ջախջախմանը:
Արդյունքում Թրամփը հաստատեց խառը տարբերակը՝ զիջելով Մաթիսի զսպվածություն ցուցաբերելու փաստարկներին: Ի սկզբանե Թրամփը տրամադրված էր Դամասկոսին պատժելու ամենակոշտ սցենարին, պնդում են թերթի աղբյուրները: