Ռումինիան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխի
Международные новостиՌումինիայի դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ երկրին կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ օգուտներ կբերի։ Այս մասին Antena 3 հեռուստաալիքին հայտնել է Ռումինիայի պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ և իշխող Սոցիալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լիվիու Դրագնյան։ Նա նշել է, որ նախօրեին կառավարությունը ընդունել է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացի մեկնարկի մասին հուշագիր։
Դրագնյան մատնանշել է այս որոշման հսկայական խորհրդանշական արժեքն Իսրայելի համար։
Շվեյցարիական RTS հեռուստաալիքի տվյալներով՝ կառավարության հուշագիրն ընդունվել է արտաքին գործերի նախարար Թեոդոր Մելեշկանի բացակայությամբ, քանի որ վերջինս գտնվել է Թունիսում։ Կառավարության պաշտոնական հայտարարություն այս հարցով չի եղել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թ. դեկտեմբերին հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին։ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի մայիսի 14-ին՝ այն նույն օրը, երբ Իսրայելը 1948 թ․ հռչակեց իր անկախությունը։
2018 թվականի մարտի 4-ին դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտադրության մասին է հայտարարել Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը։ Նրա խոսքով՝ տեղափոխումը տեղի կունենա ԱՄՆ–ի կողմից տեղափոխելուց երկու օր անց։