Յուրան հատուկ ֆուտբոլիստ չէ. Ռուբեն Հայրապետյանը՝ Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կրկին հավաքական հրավիրված Յուրա Մովսիսյանին հատուկ ֆուտբոլիստ չի համարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրապետյանը փաստեց. «Յուրա Մովսիսյանը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է: Մովսիսյանը հատուկ ֆուտբոլիստ չէ: Բոլոր ֆուտբոլիստներն ինձ համար հավասար են: Եվ բոլոր նրանց, ովքեր օգտակար կլինեն հավաքականին, մենք պարտավոր ենք գնահատել»:
Հայրապետյանի խոսքով` կան նաև բազմաթիվ ֆուտբոլասերներ, ովքեր համաձայն չեն հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, ով հավաքական է հրավիրել մի շարք նորեկ ֆուտբոլիստների:
Մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: Այս անունների շարքում է նաև 3 տարի Հայաստանի հավաքական չհրավիրված Յուրա Մովսիսյանը: