36-ամյա գյումրեցի Սուսաննան 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել
ОбществоԳյումրեցի Խաչիկյանների ընտանիքում 10-րդ զավակն է ծնվել: Նորածինը տղա է: Լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, 3կգ 700գրամ քաշով, 52սմ հասակով: Բժիշկներն ասում են՝ ուժեղ, առողջ բալիկ է:
Սուսաննան որոշել է երեխային Սեդրակ կոչել՝ ամուսնու պապիկի անունով: Խաչիկյաններն ապրում են սոցիալապես անապահով պայմաններում, Սավոյան փողոցի 224/211տնակում: Իրար միացված երկու փոքրիկ տնակում մինչ այժմ էլ կյանքը դժվար էր, հիմա առավել կծանրանա: 20 տարեկանում հենց այդ տնակ է հարս գնացել Սուսաննան: Բայց այդ ժամանակ տնակը երկուսի համար բավարար ու հարմարավետ է եղել: Հիմա արդեն 12-ի համար այն անմարդկային փոքր է: Ուղղակի չեն տեղավորվում:
Ոչ Սուսաննան է աշխատում, ոչ ամուսինը: Ընտանիքի եկամուտը հիմնականում ընտանեկան նպաստն է եւ երեխաներին տրվող գումարը: Դրանցով կարողանում են կոմունալ վճարումները կատարել: Հետո ինչ մնաց՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով ապրում են:
Սուսաննան ոչ մեկից երբեք ոչինչ չի ուզել: Բայց եթե լինի մեկն, ով կամենա օգնել, ասում է՝ լավ կլինի բնակարանի խնդիր լուծի: Իրենք տնակի տարածքում մի փոքր շինարարություն են սկսել, սակայն այն շարունակելու եւ ավարտին հասցնելու հնարավորություն չունեն:
Ի դեպ, մինչ նորածնի լույս աշխարհ գալը 6 աղջիկ, 3 տղա ունեին Խաչիկյան ամուսինները: Եւս մեկ որդի ունենալով, սակայն չեն սահմանափակվելու: Այս մասին Սուսաննան է բժիշկներին ասել: