Դատական նիստը հետաձգում են կալանքը չփոխելո՞ւ համար
ОбществоPast.am-ը գրում է.
Սարի թաղի դեպքերից հետո կալանավորված անձանց դատարան չեն տեղափոխում, մինչդեռ մյուս գործերով կալանավորվածներին տեղափոխում են: Այս մասին մի քանի օր առաջ ահազանգել էր նույն գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի պաշտպանը՝ Լիպարիտ Սիմոնյանը: Փաստաբանը տարակուսում էր՝ դատավորը չի՞ պահանջում, թե՞ ուղեկցողներն են հենց այդ գործի համար ծանրաբեռնված:
Այդ անորոշության հետևանքով Սարի թաղի գործով կալանավորվածները շարունակում են կալանքի տակ պահվել, այն էլ՝ անորոշ ժամանակով: Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, Past.am-ի հետ զրույցում նույնպես արտահայտեց իր մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ: Ասում է՝ դատական նիստերը հետաձգվում են, քանի որ իրենց հարազատներին դատարան չեն տեղափոխում: Նրա ներկայացմամբ, անգամ փաստաբաններին չի բացատրվում, թե ինչու է դատական նիստը հետաձգվում: Դատարանից տեղեկանում են, որ դատավորն իրենց ասել է դատական նիստի չներկայանալ:
Մայիսի 8-ին պետք է կայանար հերթական դատական նիստը, որն այդ պատճառով հետաձգվեց: Եվ սա արդեն երրորդ հետաձգված դատն է: Լալա Բեռնեցյանի ամուսնու գործում մնացել է 6 վկա: Նրանց լսելուց հետո դատավորը կկարողանա վերջապես վճիռ կայացնել:
«Աննա Դանիբեկյանը դատավորի պաշտոնից շատ հեռու է: Եթե մի դատավորի այլ իրավաբաններն են օրենք սովորեցնում, ուրեմն հաշվի առնենք, թե նա որքան հեռու է դատական համակարգից ու վճիռ կայացնելուց: Հիմա ո՞րն է պատճառը, որ իրենք այդ տղաներին ապօրինի կալանքի տակ են պահում արդեն 1 տարի 10 ամիս: Դանիբեկյանը մի վայրկյան անգամ չի մտածում, որ մարդկային կյանքեր է կործանում: Բերդում ասում են՝ Զեյթունյա՛ն, դու վաղը դատի ես: Առավոտյան պատրաստ է լինում, բայց ասում են՝ չես գնում դատի»,- պատմեց նա՝ հավելելով, որ իրենց հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 8-ին:
Այդպիսով ամուսնու և իր «բախտակիցների» անազատության մեջ գտնվելու ժամկետը կձգվի 1 տարի 11 ամիս: «Առաջ կար իշխանություն, Սերժ Սարգսյան, ով վերևից հրաման էր տալիս, նրանից վախենում էին, բաց չէին թողնում, հիմա ո՞րն է խնդիրը: Նորից նույն վիճակն է: Դատական համակարգում բարդակ է տիրում: Եթե դատական համակարգ ունենայինք և այն լիներ անկախ, Դանիբեկյանը դատ կաներ՝ թեկուզ քաջ գիտակցելով, որ փաստաբանները միջնորդություններ կներկայացնեն կալանքը փոխելու վերաբերյալ, և ինքը կընդուներ դա: Բայց նա վախենում է, որովհետև նորից նստելով այդ պաշտոնին՝ շարունակում է Սերժ Սարգսյանի կամակատարը լինել, ով գնացել է, բայց դեռ հրամաններ է արձակում»,- նշեց նա:
Սարի թաղի գործով կալանավորվածները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, այն է՝ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով: Ըստ Զեյթունյանի կնոջ՝ այս հոդվածը դեռ «մարսել» է պետք, որովհետև այդ տղաներից ոչ մեկը այդ գործողությունը չի կատարել: Ասում է՝ եթե անգամ դիտարկենք դա որպես խուլիգանություն, դրա համար սահմանված պատիժը կալանքն է՝ 0-2 տարի ժամկետով:
«Ո՞րն է ձեր խնդիրը, այ մարդ, բաց թողե՛ք: Չեք կարողանում դատել, իմ մարդուն տվեք ինձ: Տվեք, գլուխ խոնարհեք, ասեք՝ ներողություն, Լալա ջան, որ չենք կարողանում ձեր ամուսնուն դատել, վերցրեք, խնդրում եմ, բայց մի դիմեք ՄԻԵԴ, մեր գլուխը չջարդեն: Դրան էլ եմ համաձայն»,- հավելեց Բեռնեցյանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ