Չեխիան Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն կբացի
Международные новостиՉեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է առաջիկայում Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն «Չեխական տուն» մշակութային կենտրոն բացելու մասին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, Չեխիայի վարչապետը նման գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Չեխիան մինչև մայիսի վերջ Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն կբացի: Շատ ուրախ կլինեմ, եթե մեզ մինչև այս տարվա վերջ հաջողվի Երուսաղեմում նաև «Չեխական տուն» բացել՝ որպես իսրայելա-չեխական մշակութային և առևտրային փոխանակման հարթակ»,- գրել է Բաբիշը:
Չեխիայի վարչապետը շնորհավորել է իսրայելցիներին պետականության և երկրի անկախության 70-ամյակի կապակցությամբ:
Մայիսի 14-ին Գազայի հատվածում բախումներ են եղել իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև ԱՄՆ-ի կողմից դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ իրականացված զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում: Բախումներին լրատվամիջոցների տվյալներով զոհ է գնացել 50 մարդ, տուժածների թիվը հասնում է 2000-ի: