Համահայկական նվագախումբի համերգին հնչեցին հայ ականավոր կոմպոզիտորների գործերը
КультураՀամահայկական նվագախումբն իր շուրջ է համախմբել աշխարհի 21 երկրից ժամանած 90 պրոֆեսիոնալ երաժշտի: Նվագախմբի «Վերածննդից հաղթանակ» խորագրով երևանյան համերգը տեղի ունեցավ մայիսի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նվագախումբը երաժշտասերներին ներկայացրեց հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները:
«Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ դարձյալ 21 պետությունից ունենք մասնակիցներ: Զբաղվածության պատճառով այս տարի արտերկրից ժամանած երաժիշտների թիվը մի փոքր նվազել է, և նվագախումբը համալրվել է տեղացի ստեղծագործողներով: Նշեմ, որ մեկ համերգային ծրագրով հանդես ենք եկել Ստեփանակերտում»,- նշեց նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:
Նրա խոսքով՝ նման ծրագրերը հայ երաժիշտների համախմբման միջոց են, նրանց հնարավորություն են տալիս վերադառնալ հայրենիք, համագործակցությունների համար հարթակ ստեղծել:
Պորտուգալիայից Հայաստան ժամանած ջութակահարուհի Նարինե Դոլարյանն ասաց, որ երկրորդ անգամ է մասնակցում հրաշալի նախաձեռնությանը, որի միջոցով զգում է հայ երաժիշտներին միասնական ուժը: «Ապրելով դրսում՝ բոլորս ենք համախմբման կարիք զգում: Այն տոնական տրամադրությունը, որը կա նվագախմբում, դա է փաստում: Նախագծի նպատակը նույնպես շատ կարևոր է. հայրենիք կառուցելու գործում լինի Հայաստան, թե Սփյուռք, պետք է համախմբված լինել»,-շեշտեց նա:
«Բազմաթիվ հայեր Հայաստանից մեկնել են 90-ականների սկզբին: Այս նախագիծը մեզ հնարավորություն է տալիս վերադառնալ հայրենիք և մեր ներդրումն ունենալ այստեղ»,-ընդգծեց ջութակահար Արմեն Մովսեսյանը:
Համերգային ծրագրի դիրիժորներն էին Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը, Վահան Մարտիրոսյանը: Որպես մենակատարներ ելույթ ունեցան շեփորահար Դանիել Մելքոնյանը, երգչուհի Սոնա Ռուբենյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը, օպերային երգիչներ Հովհաննես Այվազյանը (տենոր), Գուրգեն Բավեյանը (բարիտոն):
Համերգի կարևոր մասն էին կազմում Հայաստանի պետական կամերային,
Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային,
Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը:
Երաժշտական խմբագիրը Վարդուհի Մինասյանն էր, իսկ ռեժիսորը` Արամ Սուքիասյանը:
Ծրագրում հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Ավետիս Բերբերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի և մի շարք այլ ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ: