Ադրբեջանը շփոթված է Հայաստանում փոփոխություններից. Արցախի ժամանակն է
Международные новостиԱրցախցիներն ակտիվորեն քննարկում են Հայաստանում հեղափոխությունից հետո փոփոխությունների հնարավորությունները: Բոլորը հասկանում են, որ փոփոխություններ պետք են, հակառակ դեպքում Արցախը ռիսկի է դիմում անհուսորեն հետ մնալ տարածաշրջանային գործընթացներից, որի շեմը Հայաստանը կտրուկ բարձրացրել է ապրիլին:
«Հանուն անվտանգության ժողովրդավարությունը զոհելու» մասին ավանդական թեզն անհուսալիորեն հնացել է: Ի հեճուկս «կանխատեսումների»՝ Ադրբեջանը չի սպասել Հայաստանում քաղաքացիական պատերազմին, որ հարձակում սկսի, իսկ Ռուսաստանը «արյան մեջ չի խեղդել» հայկական հեղափոխությունը: Շեմն այնքան բարձր է, որ ոչ ոք չի համարձակվել ուժ ու զենք կիրառել:
Հայաստանում անարյուն հեղափոխության փորձը փոփոխություններ է կանխանշում նաեւ Արցախում: Հարցն այն է, թե ինչպես է կատարվելու տրանսֆորմացիան:
Վերջին 10 տարիներին Արցախում «խաղաղ կերպով» արմատախիլ է արվել այլակարծությունը: Տոտալ լրտեսամոլությունը խեղդել է կենդանի ամեն բան, ընտրությունները կորցրել են իմաստը: Ժողովրդին «պատկանող» ընդերքը իրականում բաժանված է մի քանի ընտանիքի միջեւ: Բարգավաճում են միայն բանկերն ու Ղարաբաղ Տելեկոմը, որոնք ժողովրդին խեղդում են բարձր տոկոսներով ու սակագներով:
Ղարաբաղում մարդիկ չեն կարող դա չտեսնել եւ բացահայտ ու առանց վախի խոսում են այդ մասին: Սակայն յուրաքանչյուր ոք հարց է տալիս՝ Արցախի ղեկավարությունը կարո՞ղ է Սերժ Սարգսյանի պես խաղաղ հրաժարական տալ ու տեղն ուրիշներին զիջել: Ո՞վ է նրանց փոխարինելու:
Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, կարեւորը խաղի կանոնների փոփոխությունն է, որ թույլ տան մարդկանց ինքնուրույն վաստակել՝ երկիրը զորանոց չդարձնելով: Ներկայիս ղեկավարությունը դժվար թե ունակ լինի այդպիսի փոփոխությունների:
Հիմա դրա իսկական ժամանակն է: Ադրբեջանը շփոթված է: Ակնհայտ է, որ Հայաստանի ու Արցախի դեմ ցանկացած ոտնձգություն աշխարհում ընդունվելու է որպես ոտնձգություն ազատության ու քաղաքակրթության դեմ: Հայաստանն էլ խաղի կանոններ չի թելադրում, եւ իսկը ժամանակն է ձեռնամուխ լինել փոփոխությունների: