Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է պետք
ОбществоԿառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նպատակահարմար է գտնում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը:
«Կարծում եմ, որ հսկայական տույժ-տուգանքներ կան կուտակված, և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք՝ հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին, ինչպես նաև քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել կամ կասեցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև հավելել է, որ մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է շատ արագ կանգնեցնել։ Միևնույն ժամանակ գործադիրի ղեկավարը ՀՀ ոստիկանապետին ու արդարադատության նախարարին առաջարկել է քննարկում հրավիրել այս թեմայի շուրջ:
Past.am-ի զրույցակիցն է «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը։
-Վարչապետի առաջարկությունը մտահոգել է հանրության մի ստվար զանգվածի, որոնք մտավախություն ունեն, թե արդյունքում փողոցում կարող է քաոս տիրել։ Բացասական հետևանքներ կարո՞ղ են լինել։
-Նախորդ տարի, երբ «Ելք» դաշինքը քարոզարշավ էր իրականացնում, նման առաջարկ եղել է մեր ծրագրում։ Առաջարկ կար որոշակի ժամանակահատվածով դադար տալ տեսախցիկների և արագաչափերի գործունեությանը և փորձել ապահովել այն բավարար պայմանները, որպեսզի վարորդը գիտակցաբար կամ ենթագիտակցաբար այլևս խախտումներ չանի։ Ժամանակավոր դադար տալը չի նշանակում մեկ տարի, հինգ կամ վեց ամիս։ Մեր դիտարկման համաձայն՝ այդ ամենը կարելի է անել մեկ շաբաթում։ Մեկ շաբաթում հնարավոր է վարորդների համար ապահովել բարենպաստ պայմաններ։
Մենք՝ որպես «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրներ, մեր աջակցությունն ենք հայտնում և՛ ոստիկանապետին, և՛ արդարադատության նախարարին։ Պատրաստվում ենք դիմել Արտակ Զեյնալյանին, որպեսզի մեր լուման ևս ունենանք։ Աջակցելու ենք, վարորդական հասարակության մտահոգությունները տեղ ենք հասցնելու պատկան մարմիններին, որպեսզի նրանք իմանան խնդիրները։ Միաժամանակ լուծումներ ենք առաջարկելու։
-Վթարները չե՞ն ավելանա այդ ընթացքում։
-Քիչ խախտումներ անելու համար անհրաժեշտ են բարենպաստ պայմաններ, իսկ այն մարդիկ, ովքեր գիտակցաբար են խախտումներ անում, եղել են և կլինեն։ Իրենց նկատմամբ պետք է այլ մոտեցում ցուցաբերել՝ թե՛ վարորդական իրավունքներից զրկելու և թե՛ նորից քննություններ հանձնելու պահանջի դրսևորմամբ։
Այն մարդիկ, ովքեր շատ են խախտումներ անում, նրանց համար կարևոր չէ՝ կա տեսախցիկ, թե՝ ոչ։ Որևէ հանգամանք իրենց ցանկության և արարքների վրա ներգործություն չի թողնում։ Իսկ նրանք, ովքեր խախտումներ չեն անում, նրանց համար նույնպես կարևոր չէ տեսախցիկի առկայությունը։
Մենք շեշտը դնում ենք վարորդական իրավունք չվաճառելու վրա, ստուգելու՝ մարդիկ վարում են վարորդական իրավունքով, թե առանց։ Նման տեխնիկական միջոցառումներ պետք է կատարվեն։ Կարող են չտուգանել, բայց ստուգել վարորդական իրավունք ունի՞, թե՞ ոչ։ Մամլիչ գործողություններ պետք է կատարվեն։ Պետք է կիրառվի նկատողություն, խիստ նկատողություն, իսկ տուգանքը պետք է լինի այնքան, որպեսզի մարդիկ գիտակցաբար չգնան այդ խախտմանը։ Եվ իհարկե, պետք է երթևեկության անվտանգությունն ապահովել, այլ՝ ոչ թե միայն գումարներ գանձել, այն էլ այն դեպքում, որ դա բյուջե չի մտնում։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՀԳ.-Անցած երկու օրերին արձագանքները ցույց տվեցին, որ այս հարցը այնքան էլ միանշանակ չէ: Շատերը դեմ են վերոնշյալ առաջարկներին: Այնպես որ, «Փաստ» թերթը հետևողական է լինելու այս հարցում և պատրաստ է ներկայացնել ամենատարբեր տեսակետները՝ նպատակ ունենալով գտնել ճիշտ լուծումը: