Ահազանգ. Վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզել
ОбществоՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո զինծառայողների ծնողները շարունակում են զորամասեր սնունդ, հիգիենայի պարագաներ եւ զինվորական համազգեստ ուղարկել:
«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն ահազանգած Լուսինե Պողոսյանը տեղեկացրեց, որ իր որդին ծառայում է Սյունիքի մարզի զորամասերից մեկում եւ իրենից զինվորական համազգեստի գումար է ուզել, քանի որ այն մաշվել է, իսկ զորամասից նորը չեն տալիս:
«Գետնի վրա զորավարժություններ են անում, ամբողջը մաշվում է, եւ զինվորները ծնողներից են գումար ուզում, որ ուղարկեն, նոր ֆորմա առնեն: Այնտեղ ֆորման 8-10 հազար ՀՀ դրամ արժի:
Լուսինե Պողոսյանի փոխանցմամբ՝ 2-3 օր առաջ էլ տղային զորամաս մոտ 15 հազար ՀՀ դրամի հիգիենայի պարագաներ եւ ներքնաշորեր է ուղղարկել:
«Երկու օր առաջ էլ նասկի, մայկա եւ հիգիենայի այլ պարագաներ եմ ուղարկել: Ամեն ամիս էլ ուղարկում եմ: Չորս ամսվա ծառայող է, բայց ամեն ամիս ուղարկում եմ: Հիմա չգիտեմ՝ ուղարկեմ, թե՝ սպասեմ, որ իրենց խոստումները կատարեն»,- ասաց նա:
ՀԺ-ն խնդրի շուրջ փորձեց պարզաբանում խնդրել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր: