ԱԱ-2018. Առանց գլխավոր աստղի մնացած Թունիսի հավաքական (ֆոտո)
СпортՇարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 7-րդը Թունիսի հավաքականն է, որը 12 տարվա ընդմիջումից հետո կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:
Աֆրիկայի 2004թ. գավաթակիրը աշխարհի առաջնություններին մասնակցել է 5 անգամ՝ նորամուտը նշելով 1978-ին: «Մունդիալներում» աֆրիկյան հավաքականը երբեք չի հաղթահարել խմբային փուլի արգելքը:
ԱԱ-2018-ի ընտրական փուլի աֆրիկյան գոտու մրցաշարում Թունիսի հավաքականը նախ 2 խաղերի արդյունքում հաղթահարել է Մավրիտանիայի թիմի արգելքը (1:1, 2:2), իսկ խմբային փուլում առաջին տեղը գրավեց A խմբում (Թունիս, Կոնգոյի ԴՀ, Լիբիա, Գվինեա):
ԱԱ-2018-ի խմբային փուլում Թունիսի հավաքականn ընդգրկված է G խմբում, որտեղ կխաղա Անգլիայի (հունիսի 18, Վոլգոգրադ), Բելգիայի (հունիսի 23, Նիժնի Նովգորոդ) եւ Պանամայի (հունիսի 28, Սարանսկ) հետ: Խմբի ընդգծված ֆավորիտնեն են Անգլիան ու Բելգիան, իսկ Թունիսի ու առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող Պանամայի շանսերը մեծ չեն:
Առանց առաջատարի
Թունիսի հավաքականը չունի աստղային ֆուտբոլիստներ, սակայն նրանցից մեկի մասին շատ է խոսվում վերջին շրջանում: 27-ամյա կիսապաշտպան Յուսեֆ Մսակնիի հետ թունիսցիները մեծ հույսեր էին կապում ԱԱ-2018-ում, սակայն նա ծնկի վնասվածքի պատճառով չի մեկնի Ռուսաստան: Թունիսում Մսակնիին թիմում կարեւորության եւ ֆուտբոլային որակների առումով համեմատում են Լիոնել Մեսիի հետ: Նրա բացակայության պատճառով Թունիսի հավաքականի գլխավոր մարզիչը նույնիսկ ստիպված է լինելու փոխել թիմի հարձակման գծի դասավորությունը:
Մարիզչը
55-ամյա Նաբիլ Մալուլը Թունիսի հավաքականը երկրորդ անգամ գլխավորեց 2017-ի ապրիլին եւ թիմին օգնեց 12 տարվա ընդմիջումից հետո նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր: Թունիսցի մասնագետը 1985–1995-ը հանդես է եկել նաեւ Թունիսի հավաքականում՝ 74 խաղում խփելով 11 գոլ:
Թիմի հայտացուցակը ԱԱ-2018-ում
Դարպասպահներ․ Այմեն Մատուլի («Ալ-Բատին»), Մոեզ Բեն Շերիֆիյա («Էսպերանս»), Ֆարուկ Բեն Մուստաֆա («Ալ-Շաբաբ»), Մուեզ Ասեն («Շատորու»)։
Պաշտպաններ․ Համդի Նագեզ («Զամալեկ»), Դիլան Բրոն («Գենտ»), Ռամի Բեդուի («Էտուալ դյու Սահալ»), Յոհան Բենալուն («Լեսթեր»), Սյամ Բեն Յուսեֆ («Կասիմփաշա»), Յասին Մերիա («Սֆակսեն»), Բիլել Մոհսնի («Դանդի Յունայթեդ»), Հալիլ Շեշամ («Էսպերանս»), Ուսամա Հադադի («Դիժոն»), Ալի Մալուլ («Ալ-Ահլի Դժեդա»)։
Կիսապաշտպաններ․ Էյե Սկիրի («Մոնպելյե»), Մոհամեդ Բեն Ամոր («Ալ-Ահլի Դժեդա»), Գայլեն Շալալի («Էսպերանս»), Կարիմ Լարիբի («Չեզենա»), Ֆերջանի Սասի («Ալ-Նասր»), Ահմեդ Հալիլ («Աֆրիկեն»), Սաիֆ Էդին Կաուի («Տուրա»), Մոհամեդ Լարբի («Տուր»)։
Հարձակվողներ․ Ֆեհրեդին Բեն Յուսեֆ («Ալ-Իտիֆակ»), Վահբի Հազրի («Ռեն»), Անիս Բադրի («Էսպերանս»), Բասեմ Սրարֆի («Նիցա»), Ահմեդ Ակաիչի («Ալ-Իտիհադ), Նաիմ Սլիտի («Դիժոն»), Սաբեր Խալիֆա («Աֆրիկեն»)։
Բուքմեյքերների կարծիքը
Թունիսի հավաքականի չեմպիոնության գործակիցը 750 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 4.4 գործակից:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։