ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը
ЭкономикаՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, համաձայն որի ծառայությունն աշխատանքներ է իրականացնում կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ: Մայիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահն ասաց.
«Սպասենք և տեսնենք, թե ավելի կոնկրետ ինչ կլինի: Իհարկե, ցանկացած կոռուպցիոն պատմություն պետք է բացահայտվի, և մարդիկ, ովքեր նման գործունեությամբ են զբաղվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նշել է, որ ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ Նա շեշտել է, որ կարճ ժամանակում ականատես կլինենք խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման:
«Դա չի նշանակում, որ գնալու ենք ռեպրեսիաների և վրեժխնդրության: Ցանկացած գործ ցանկացած անձի վերաբերյալ լինելու է հրապարակային, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չհարուցի, որ տվյալ անձը պետությունից գումար է գողացել և հաստացել է: Իմ մոտեցումն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն գումարները պետական բյուջե, այլ ոչ թե գնան, նստեն բանտերում»,-ասել է Վանեցյանը: