Ի՞նչ է փոխվել պետպատվերով տրամադրվող ստոմատոլոգիական ծառայությունների ցանկում
ОбществоՕրերս Առողջապահության նախարարության թեժ գիծ էր զանգահարել 5 տարեկան երեխայի ծնող և պատմել, որ Նոր Նորքի մանկական ստոմատոլոգիական կենտրոնում հրաժարվել են երեխային պետպատվերով սպասարկել: Նա խնդրում էր վերականգնել երեխայի իրավունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ԱՆ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) փորձագիտական, գնահատման և մշտադիտարկման բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Սարգսյանը: Զանգը փոխանցել էին ՊԱԳ, որտեղից էլ կապվել էին կնոջ մատնանշած կենտրոնի տնօրենի հետ և ճշտել, թե խնդիրը որն է:
«Նա ասաց, որ նոր կարգը սխալ էր հասկացել և ամսվա սկզբից վճարովի էր կատարել բուժումները: Կարգը բացատրելուց րոպեներ անց տնօրենը զանգահարեց և ասաց, որ զանգել են սպասարկված բոլոր երեխաների ծնողներին և ասել՝ եկեք, ձեր վճարած գումարները հետ վերցրեք: Այդ լուրը տարածվեց ծնողների մեջ, ու թեժ գիծ զանգողը կրկին զանգահարեց և շնորհակալություն էր հայտնում զարմացած, որ այդքան մարդկանց վճարած գումարները հետ են վերադարձվում»,- գրում է Աշոտ Սարգսյանը:
Պարզելու համար, թե ինչ նոր կարգի մասին է խոսքը և ինչ է այն սահմանում, NEWS.am Medicine-ը դիմեց գրառման հեղինակին:
Աշոտ Սարգսյանը պարզաբանեց, որ դեռևս 2018 թ. մարտ ամսին կառավարության կայացած որոշմամբ՝ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերին մինչ այդ անվճար տրամադրվող ստոմատոլոգիական ծառայությունների գերակշիռ մասը այժմ գործում է համավճարով՝ արտոնյալ պայմաններով: Պետության մասնակցության մասը կազմում է ընդհանուր գնի 65 %-ը, իսկ շահառուի կողմից վճարվող համավճարի չափը՝ ընդհանուր գնի 35%-ը: Այս կարգը սահմանվել է «ՀՀ Կառավարության 2004 թ. Մարտի 4-ի N 318 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով: Փաստացի նշված դեպում ստոմատոլոգը վճարը ծնողից վերցրել էր ամբողջությամբ, եւ վերադարձրել ավել վճարած 65%–ը։
Նախկին կառավարության այս որոշումը հիմնավորվել է հետևյալ կերպ. «Ծառայությունների պետական պատվերի գները շուրջ կրկնակի ցածր են շուկայական գներից, իսկ բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում ծառայությունների արժեքը իրատեսական գներով փոխհատուցելու համար: Ծառայությունների կազմակերպման կարգից դժգոհ են ինչպես շահառուները, այնպես էլ` ծառայություններ մատուցողները: Բավարար չէ ծառայությունների մատուցման համար բյուջեով նախատեսված միջոցների ծախսման արդյունավետությունը»:
2018թ. բյուջեով ստոմատոլոգիական օգնության ծրագրի ծախսերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են 349,4 մլն դրամով, իսկ երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայությունների համար` 33,4 մլն դրամով: Այսպիսով՝ նախկին որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով վերանայվել է շահառուների ցանկը, մատուցվող ծառայությունների փաթեթը և ներդրվել է բժշկական օգնության փոխհատուցման համավճարային եղանակը:
Ըստ դրա՝ շահառու բոլոր խմբերի համար ամբողջությամբ անվճար իրականացվում է 2 ծառայություն միայն՝ ատամի հեռացում և կարիեսի բուժում: Անվճար և արտոնյալ պայմաններով՝ համավճարով, սոցիալապես անապահով և հատուկ խմբերին մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ԱՆ կայքում հետևյալ հղմամբ՝ http://moh.am/uploads/1145Havelvac.pdf:
Աշոտ Սարգսյանը նշեց, որ պետպատվերով սպասարկվող ստոմատոլոգիական ծառայությունների ցանկից ընդհանրապես հանվել է բրեկետների տեղադրումը: «Շատ երեխաներ ծամողական ապարատի այնպիսի խնդիրներ ունեն, որ ուտելիքը տառացիորեն կուլ են տալիս առանց ծամելու: Սա առողջական լուրջ խնդիրների կարող է հանգեցնել»: ՊԱԳ գլխավոր մասնագետը նախատեսում է ստոմատոլոգների քննարկում հրավիրել և ծառայությունը վերականգնելու նոր որոշում ներկայացնել կառավարությանը:
Անվճար տրամադրվող ծառայությունների թվում նա պարտադիր է համարում նաև տարեցների, թոշակառուների պրոթեզների տեղադրումը, հակառակ դեպքում, ըստ նրա, հետևանքները կարող են ավելի թանկ նստել պետության վրա:
Բոլոր դեպքերում Աշոտ Սարգսյանը կոչ է անում տեր լինել մեր իրավունքին՝ ցանկացած հարցի դեպքում զանգահարելով թեժ գիծ 8003 համարով. «Ձեր զանգերը շատ կարևոր են ոլորտի բարեկարգման համար»,- գրում է նա: