Սլովենիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Ժողովրդավարական կուսակցությունը
Международные новостиՍլովենիայում այսօր անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տանում ընդդիմադիր աջակենտրոն կուսակցությունը, որը հայտնի է հակամիգրացիոն հայացքներով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով Սլովենիայի հեռուստատեսության իրականացրած էքզիթ փոլի տվյալները:
Ադրիատիկ ծովի ափին գտնվող երկրի՝ ընտրության իրավունք ունեցող 1.7 մլն բնակիչներն քվեարկել են 25 կուսակցության օգտին, որոնցից 9-ը կանցնեն խորհրդարան՝ ըստ հարցման արդյունքների:
Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների՝ քվեաթերթիկների 25 տոկոսի հաշվարկից հետո ձայների 26.3 տոկոսն ստացել է Սլովենիայի Ժողովրդավարական կուսակցությունը՝ առաջ անցնելով մյուսներից: Վերջինիս 12.2 տոկոսով հաջորդում է LMS ձախակենտրոն կուսակցությունը:
Խորհրդարանական ընտրություններն արտահերթ են, հերթական ընտրությունները պետք է կայանային հուլիսին, սակայն երկրի վարչապետ Միրո Ցերարը ավելի վաղ հրաժարական էր տվել երկրի գերագույն դատարանի որոշումից հետո, որով չեղարկվում էր երկաթուղային ճանապարհի կառուցման հավանության տված հանրաքվեի արդյունքները: