Դատախազը չառարկեց, որ Գեւորգ Սաֆարյանը կալանքից ազատ արձակվի. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
ОбществоԺիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով 5.5 տարվա ազատազրկման դատապարտված Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր՝ հունիսի 6-ին, իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել:
Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրողը հայտարարեց, որ չի առարկում միջնորդությանը: Գեւորգ Սաֆարյանն էլ նշեց, որ ինքն առարկում է դատախազին, քանի որ երկրում իրավիճակ է փոխվել դատախազների համար:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Նշենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորություն են ստորագրել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման: