Georgian Airways–ի աշխատակիցները հայտարարել են թուրքական ավիաընկերության դեմ բողոքի ակցիայի մասին
Международные новостиՎրացական Georgian Airways ավիաընկերությունը շաբաթվա վերջին նախատեսում է բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիի օդանավակայանի տարածքում, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։ Ակցիան կանցկացվի «Պաշտպանիր վրացականը» կարգախոսի ներքո։ Ավիաընկերությունը պահանջում է վրացական շուկայից հեռացնել թուրքական TAV Urban Georgia ընկերությունը, որը Թբիլիսի օդանավակայանի կառավարման իրավունք ունի մինչեւ 2027 թվականը։
Ավիաընկերության պաշտոնական ֆեյսբուքյան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ TAV Urban ավիաընկերության չափազանց թանկ սպասարկման պատճառով Georgian Airways–ը չի կարողանում իջեցնել ավիատոմսերի գները։
Ավելի մանրամասն տեղեկություն Georgian Airways–ի սեփականատերեր խոստացել են տրամադրել մոտ ժամանակներս։
2018 թվականի մարտից Georgian Airways–ը իրականացնում է չվերթներ 22 ուղղություններով, ամենավերջինները դրանց թվում՝ Լոնդոնը, Բրյուսելը, Բեռլինը, Բոլոնիան, Բրատիսլավան, Փարիզը, Բարսելոնան, Քյոլնը, Խարկովը, Կազանը, Աթենքը եւ Սալոնիկը: Ավիաընկերությունը իրականացնում է նաեւ չվերթներ Մոսկվա եւ Կիեւ։
Սրա հետ մեկտեղ TAV Urban ընկերությունում գտնում են, որ Georgian Airways–ը հասարակությանը մոլորության մեջ է դնում։ Ի պատասխան օպերատորի հայտարարությունում նշվում է, որ իրենք չեն խանգարում ավիաընկերությանը նվազեցնել տոմսերի գինը։
Թուրքական ընկերությունում պնդում են, որ Georgian Airways–ի երկկողմ տոմսերի արժեքի միայն 33 դոլարն է իրենց պատկանում։
Նշենք, որ TAV Urban Georgia–ն թուրքական TAV Airports Holding ընկերության դուստր կազմակերպությունն է։