Մեքենաներից բացօթյա ապօրինի առեւտուր է կազմակերպվում. սա անթույլատրելի է. փոխքաղաքապետ
ОбществоԵրեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման եւ երեւույթը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցների ձեռնրակման հետ կապված աշխատանքային հանդիպում-քննարկում: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ նախաձեռնված հանդիպմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, մասնակցել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայության գծով տեղակալ Էդգար Պետրոսյանը, վարչության ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:
Ընդգծելով վերջին շրջանում բացօթյա ապօրինի առեւտրի ակտիվացման միտումները՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ պետք է ուժեղացնել հսկողությունը եւ ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել՝ ապահովելու առեւտրի կազմակերպման օրենքով սահմանված կարգը:
«Վերջին տարիներին Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ոստիկանության համագործակցության շնորհիվ այս ոլորտում զգալի արդյունքեր ենք գրանցել: Ցավոք, վերջին շրջանում մեր համաքաղաքացիների կողմից բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում՝ մայթերին, ինչպես նաեւ ավտոկայանատեղերում մեքենաներից կազմակերպվող բացօթյա ապօրինի առեւտրի դեպքերի առնչությամբ, որոնք տարբեր անհարմարություններ են պատճառում: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, ուստի՝ օրենքով սահմանված կարգով պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցներ» , - նշել է Դավիթ Օհանյանը:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայության գծով տեղակալ Էդգար Պետրոսյանը, համաձայնելով հնչած մտահոգությունը, ընդգծել է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենք պատրաստ են աջակցել եւ ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցներ: