Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանն ազդեցություն չեն ունեցել Արայիկ Հարությունյանի հրաժարականի որոշման վրա
ОбществоԱրցախում տեղի ունեցող բարեփոխումների նախաձեռնման վրա արտաքին որևէ միջամտություն չկա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պետնախարար, Արցախի ԱԺ-ում ամենամեծ կուսակցության՝ «Ազատ հայրենիք»-ի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին:
Նա ընդգծեց, որ իր եւ մյուս պաշտոնյաների հրաժարականներն Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնած բարեփոխումների շրջանակներում են, եւ որ ինքն ընդդիմադիր չի դառնալու, մնալու է իշխանական ուժի ղեկավար:
Հարցին, թե Ձեր հրաժարականի հետ որևէ առնչություն ունեցե՞լ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ բարեփոխումների քննարկումները տեղի են ունեցել միայն Բակո Սահակյանի և Արցախի այլ պաշտոնյաների միջև. «Դրսից ոչ մի ազդեցություն, միջամտություն չի եղել»։
Ճշտող հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նն էլ չի ազդել ձեր որոշման վրա, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Իհարկե՝ ոչ»։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 6-ին հրաժարականներ են ներկայացրել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը: