Սաշուր Քալաշյան. «Պատահական հարստացածների քմահաճույքով երբեմն ոտքի տակ է գցվում արժեքը»
Интервью«Օրեր»-ի հյուրն այս անգամ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է:
Խոսելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին` ճարտարապետը մասնավորապես անդրադարձավ նաև քաղաքաշինության, ճարտարապետական հուշարձանների խնդրին:
Զգուշանալ անտարբերությունից
Քաղաքացիները չպետք է ձեռնունայն նստեն և սպասեն: Պետք է ակտիվ մասնակցություն ունենան գործընթացներում: Պետք է խիստ հետևել յուրաքանչյուր ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին: Ես հետևում եմ նոր կառավարության աշխատանքներին, իրողությունների ընթացքին: Զգում եմ, որ բարդությունները շատ- շատ են և արագ որոշումների սպասելը մի քիչ անլուրջ է: Պետք է համբերությամբ լցվել, բայց առավել ևս պետք է զգուշանալ անտարբերությունից: Ոչ մի դեպքում չպետք է անտարբեր լինել, այլ պետք է օգնել, մասնագիտական խորհուրդ տալ, որպեսզի ուղղությունները ճիշտ լինեն, իսկ ժամանակը չկորի: Մեր ոլորտը` քաղաքաշինությունը, շատ վատ վիճակում է, ոլորտը լքված է: Օրենսդրական փոփոխություններ են պետք ոչ թե հանուն ոլորտի, այլ` հանուն բնակչության: Քաղաքաշինությունն ուղղակի արվեստ չէ, այն անմիջականորեն կապված է բնակչության ապրելակերպի ու առօրյայի հետ:
Պետք է տրվեն այն հարցրերը, որոնք տրվել են նախորդներին
Քաղաքաշինությունը զուտ ճյուղ չէ, այլև բնակչության բարեկեցիկ կյանքի, միջավայրի ձևավորման համար ամենապատասխանատու ոլորտներից մեկը: Այստեղ սխալվելու իրավունք չկա: Իսկ սխալներն անուղղելի են դառնում: Արժեքները պետք է պաշտպանված լինեն, որ չքանդվեն: Բայց այն արժեքները, որոնք ժամանակի ընթացքում ձևավորել ենք, ցավոք սրտի, ի շահ առանձին անհատների, չեն պահպանվում: Պատահական հարստացած մարդկանց քմահաճույքով երբեմն ոտքի տակ է գցվում այն արժեքը, որը ժամանակին հպարտության առարկա է եղել: Նոր կառավարությանը պետք է տրվեն այն հարցրերը, որոնք տրվել են նախորդներին: Շենքեր կան, որոնք ինչ-ինչ պատճառով, գուցեև դիտավորությամբ, հուշարձանների ցանկում ընդգրկված չեն եղել: Զուգահեռ` կային հուշարձաններ, որոնք թեև ընդգրկված էին ցանկում, բայց, ի հեճուկս հանրության բողոքների, քանդվեցին: Օրինակ է «Փակ» շուկան: Այժմ մշակույթի նախարարությունն է զբաղվում այդ հարցերով: Հիմա նախարարությունը պետք է օրակարգային դարձնի վտանգված օբյեկտները հուշարձանների պահպանության ցանկում ընդգրկելու հարցը: Առավել ևս, որ վարչապետը օրերս հայտարարել է` ոչ մի հուշարձան այլևս չի քանդվելու:
Մեր մեղքի չափն ենք ունեցել
Մեր ոլորտում ամենակարևորը օրենքի գերակայության խնդիրն է: Պատասխանատվությունը շատ մեծ է: Չնայած ոլորտով զբաղվող խիստ ընդարձակ կազմին, այն, ցավոք, առօրյա կյանքում բոլորովին անտեսվում է: Իսկ դրա մեղավորներից մեկը մենք ենք` ճարտարապետներս, որովհետև ուժ չունենք դիմադրելու: Լսող չկա, իսկ լիազորություններ չունենք: Շատ հաճախ ինքներս մեզ մեղավոր ենք զգում այդ գործընթացների համար: Պետք է օրենքը խստացնել այնպես, որ ճարտարապետը համարձակություն չունենա խախտել այն: Բոլորս էլ մեր մեղքի չափն ունեցել ենք, բայց ամենամեծ մեղավորը կառավարությունն է եղել, որը չի օգտագործել օրենքն ու չի զսպել օրենքով: Արդյունքում ստացվել է այն, ինչ ստացվել է: Բայց պետք է կորուստները սահմանափակել` հույսով ապրել դեպի ապագան: Նոր կառավարությանը առաջարկներ կլինեն ավելի շատ կառավարման առումով: Օրինակ`մշակույթի նախարարության վերահսկողությունից պետք է հանել ճարտարապետական հուշարձանների պահպանման խնդիրը: Սա քաղաքաշինական խնդիր է, որի հետ մշակույթի նախարությունը առնչություն չունի: Այնպես չէ, որ նշված հուշարձանների խնդրով զբաղվելը պետք է սահմանափակվի միջոցառում անելով ու նոր հուշարձան նայելով: Հուշարձանները վերականգնելու խնդիր կա, որում իրենց ակտիվ մասնակցությունը պետք է ունենան ճարտարապետները: Ճարտարապետության ոլորտը պետք է միացնել, դնել միասնական օրենսդրական դաշտում: Ճարտարապետական հուշարձանների վերականգման հարցը պետք է դուրս լինի մշակույթի նախարարության վերահսկողությունից: Իհարկե, սրանք կարևոր հարցեր են, բայց հասկանալի է, որ ավելի առաջնահերթ խնդիրներ ունենք: Ամենասպանիչ արատը կոռուպցիան է: Այն մեր երկրում համատարած ու արմատացած է եղել: Մինչև այն չվերացվի, ոչ մի ոլորտում մենք առաջընթաց չենք կարող ունենալ:
Աննա Բադալյան