«Դուստրս ինձ հավասար արտասվում էր»․ Աննա Դավթյան
КультураՏեւական դադարից հետո Աննա Դավթյանը ստեղծագործական նորություն ունի: Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհին կրկին բեմում է՝ գլխավոր հերոսուհու դերում: Այս մասին նա հայտնել է BRAVO.am-ին եւ տրամադրել առաջնախաղի լուսանկարները:
«Մայիսի 31-ին կայացավ Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» ստեղծագործության հիման վրա բեմադրած «Վերջին արքա» ներկայացման պրեմիերան: Խաղալու առաջարկը ստացա հայկական «Գավիթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Համլետ Ղալեչյանից: Երբ գործն առաջին անգամ ընթերցեցի, այնքան էլ տպավորված չէի: Շնորհիվ ռեժիսորական ճիշտ լուծումների եւ հրաշալի թիմի՝ արդյունքն այլ պատկեր ստացավ: Բովանդակությունն ու ասելիքն արդի դարձան: Մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն՝ Զապելին, որի դերը պիեսում ռեժիսորի մեկնաբանությամբ էլ ավելի կարեւորվեց, քան կար: Նրա շուրթերից հնչում է ճշմարտությունն այսօրվա եւ, առհասարակ, բոլոր ժամանակների», ասել է դերասանուհին եւ հավելել, որ խաղացել են բնագիր լեզվով՝ արեւմտահայերենով, հաջորդ ելույթը նախատեսված է հունիսի 21-ին:
Աննայի խոսքով` հատուկ պրեմիերային մասնակցելու համար Հայաստանից Մոսկվա էր մեկնել ռեժիսոր, ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Ներկա էին նաեւ ռուսական թատրոնի ռեժիսոր, Մոսկվայի Ն. Ի. Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը, արվեստաբանության թեկնածու, երաժշտական քննադատ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Կարինա Մելիք-Փաշաեւան եւ այլք:
2.5 տարվա դադարից հետո կրկին թատրոնի բեմ բարձրացած դերասանուհին խոստովանել է, որ շատ էր կարոտել: Հերթական անգամ համոզվել է, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել:
Պարզվում է՝ Աննայի դուստրը՝ փոքրիկ Ադելը, մասնակցել է ներկայացման փորձերին.«Շատ է սիրում այդ գործընթացը: Իմ վերջին մենախոսության ժամանակ ինձ հետ հավասար ապրում էր եւ արտասվում: Ընկերներիցս մեկը գաղտնի տեսագրել էր, թե ինչպես է զգում ու վերապրում իմ խաղացած դերը»:
Խոսելով ներկայացման արձագանքներից` մոսկվաբնակ դերասանուհին ասել է, որր դրանք գերազանցել են իրենց սպասելիքները: Մինչ այսօր լսում են հիացմունքի խոսքեր, ստանում հաղորդագրություններ, ինչի համար խորապես շնորհակալ են: Իսկ հետագա անելիքների վերաբերյալ խոսելիս Աննա միայն նշել է, որ շատ աշխատանքներ կան անելու թատրոնում, եւ ոչ միայն: