«Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ». Փաշինյանին բարկացրեց Արարատ Միրզոյանի եւ Վալերի Օսիպյանի պատասխանը
ОбществоՆորք-Մարաշում երեկ գիշերը ժամը 00.30-ին կատարվել է հրավառություն, որի ձայնագրությունը կա համացանցում, կատարվել է օրենքի կոպիտ խախտում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա խնդրեց զբաղվել այս խնդրով. «Գեթ մեկ երեխայի քունն ավելի կարեւոր է, քան 100 հոգու քեֆ-ուրախությունը: Ես նախկինում շատ եմ այս խնդրին առնչվել ու պատերի եմ հանդիպել, ոստիկանությունն ընթացք չի տվել գործին»,-ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդ հարցն օրենքով կարգավորված է, Նորք-Մարաշն էլ ոստիկանության բաժանմունք ունի, այնտեղ պետք է դիմեր նախարարը:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ 2 օր առաջ հայտարարությամբ են հանդես եկել, նորից մեջբերել նախատեսված պատժամիջոցներն ու տուգանքները խախտումների դեպքում: Նա հորդորեց նախարարին փաստերը ներկայացնել ոստիկանություն. «Ինձ համար զարմանալի է, որ Դուք դիմել եք, ու արդյունք չի եղել»,-ասաց ՀՀ ոստիկանապետը:
Փաշինյանի խոսքով, կա ոստիկանության բաժանմունք եւ եթե պարզվի, որ մինչեւ այս պահը եղել է դիմում ու իրենք ոչ մի միջոց չեն ձեռնարկել, ապա ոստիկանապետ Օսիպյանը պետք է պատժամիջոց կիրառի հենց այս ոստիկանական բաժանմունքի պատասխանատուների նկատմամբ:
Ոստիկանապետն ասաց, որ իրենք այդ խնդրին շատ խիստ են մոտենում. «բայց հավահացեք, որ սա շատ դժվար բացահայտվող բան է, որովհետեւ հրավառություն անողները տեղում չեն սպասում, մինչեւ ոստիկանները գնում են, նրանք հեռանում են «դեպքի վայրից»:
«Եկեք հայտարարություն տարածենք, որ կրակողներին կոչ ենք անում եւս կես ժամ սպասել, մինչեւ ոստիկանները հասնեն»,-կատակեց Փաշինյանը:
Ավելի ուշ Փաշինյանը բարկացավ ու ասաց. «Օրենքը կա ու չպետք է լինի հրավառություն: Հիմա կարողանո՞ւմ ենք օրենքը ապահովել, թե ոչ: Օրենքը ընդունում ենք, հետո սկսում ենք բացատրել, թե ինչու դա հնարավոր չէ իրականացնել: Չպետք է լինի հրավառություն եւ վերջ: Եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովել, որ օրենքը կատարվի, ուրեմն վատ է աշխատում: Այսինքն չե՞նք կարողանում հայտնաբերել, թե թաղում ով է հրավառություն արել: Այդպես էլ ոչ մի բան չենք կարողանում բացահայտել՝ գողությունները, ընտրակաշառքները, հափշտակությունները: Ո՞վ է անելուց հետո կանգնում, սպասում, մինչեւ գան, բացահայտեն: Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: