Աբսուրդ որոշումներ, անտրամաբանական ծախսեր
Экономика
Հայաստանի էներգետիկ համակարգի հայեցակարգը լուրջ վերանայման կարիք ունի
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության նոր ղեկավարության առջև ծառացած խնդիրների թվում կարելի է մի քանի կարևորագույն հարց առանձնացնել, որին, ըստ էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանի, հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել: Այդ հարցերի ցանկում կարելի է մատնանշել էլեկտրաէներգիայի և գազի սակագների որոշման մեթոդաբանությունը, էլեկտրաէներգիայի սպառման գործընթացի ուսումնասիրումը, կարգավորումը և այլն:
Է. Սահակյանի դիտարկմամբ, թվարկված բոլոր հարցերն էլ ուսումնասիրության կարիք ունեն, սակայն պակաս կարևոր չէ նաև էներգետիկ համակարգի անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակումը: Այն թույլ կտա իրական պատկերացում կազմել այն էներգահամակարգի մասին, որը մենք պետք է ունենանք և՛ այսօր, և՛ վաղը, և՛ ապագայում:
«Հարկավոր է հիմնել մի այնպիսի համակարգ, որը համահունչ է և համապատասխանում է Հայաստանի կարողություններին, պահանջվող սպառման մակարդակին, աշխարհագրական դիրքին, կլիմայական պայմաններին, հարևան երկրների հետ ունեցած փոխհարաբերություններին: Ի դեպ, նման հայեցակարգ ժամանակին մշակվել է և 2013-ին հաստատվել է ՀՀ նախագահի կողմից, սակայն այդ ծավալուն փաստաթղթում կան մի շարք թերություններ, անճշտություններ, որի պատճառով այն չի կարելի ընդունելի համարել: Այնտեղ հաշվի առնված չեն Հայաստանի հնարավորությունները և իրականում այն համահունչ չէ մեր երկրին»,- ասաց Է. Սահակյանը:
Փորձագետի կարծիքով, հայեցակարգում ներառված միայն մեկ դրույթին ծանոթանալն արդեն իսկ բավարար է հասկանալու համար այդ հայեցակարգի անհամատեղելի լինելու հանգամանքը Հայաստանի հնարավորություններին: Խոսքը վերոնշյալ հայեցակարգում որպես նպատակ հայտարարված արտահանման կողմնորոշում ունեցող և տնտեսապես արդյունավետ գործող էներգահամակարգ ստեղծելուն է վերաբերում, որն ըստ Է. Սահակյանի` անհնարին է, քանի որ մեր երկրի հնարավորությունները թույլ չեն տալիս նման համակարգ ստեղծել:
«Հայաստանի նման երկիրը արտահանման կողմնորոշում ունենալու կարողություններ չունի: Եվ այդ պայմաններում հայեցակարգի այդ դրույթն, անկեղծ ասած, հասկանալի չէ: Պարզ չէ, թե նման կարողություններ չունեցող երկիրն ինչպես պետք է արտահանման կողմnորոշում ունենա: Եվ այդ երևակայական նպատակը լուրջ ընդունելու արդյունքում ներկայում նախատեսվում է կառուցել երկու բարձր լարման գծեր, մեկը` դեպի Վրաստան, մյուսը՝ Իրան: Բայց դրանց հզորություններն այնքան մեծ են, որ տեսանելի ապագայում դրանք միանշանակ պետք չեն լինելու մեր երկրին: Այս գծերի գումարային հզորությունն ավելի քան 2000 ՄՎտ է և դրանց կառուցման համար Հայաստանը մոտ կես միլիարդ դոլար վարկ է վերցրել: Բայց աբսուրդն այն է, որ այդ ծրագիրն այնքան անարդյունավետ է, որ դրանից ստացվելիք օգուտը Հայաստանը, եթե չասենք ընդհանրապես չի կարողանա տեսնել, ապա գոնե առաջիկա 100 տարիների ընթացքում միանշանակ չի տեսնի»,- ասաց Է. Սահակյանը:
Նշենք նաև, որ նմանատիպ անարդյունավետ ծախսերը սակագնի աճի տեսքով մատուցվելու են ժողովրդին և փոխհատուցելու են սպառողների կողմից: Ու ստացվում է, որ նմանատիպ անտրամաբանական քայլերևի պատճառով հետագայում տուժում է սպառողը:
Արմինե Գրիգորյան