Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քանիդիլին նույնպես «արժանացնել» Աֆրինի ճակատագրին
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քանդիլին և Շենգալին նույնպես «արժանացնել» սիրիական Աֆրինի ճակատագրին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ն:
Էրդողանը հայտարարել է, որ թուրքական 20 կործանիչներ հարվածներ են հասցրել
Իրաքի հյուսիսում տեղակայված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
«Հիշեք, ես նշել էի Հյուսիսային իրաքում Քանդիլի, Սինջարի մասին: Մենք այնտեղ սկսել ենք մեր ռազմական գործողությունները: 20 կործանիչ ինքնաթիռներով 14 կարևոր կետերում զինապահեստներ ենք ոչնչացրել: Մենք կանխում ենք Քանդիլի՝ մեր երկրի համար սպառնալիք դառնալու հանգամանքը»,-նշել է Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը նպատակ ունեն «կործանելու ահաբեկչական ճահիճը» Իրաքի հյուսիսում, ինչպես դա արել են սիրիական աֆրինում:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն էին սկսել, որը ստացել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել էին քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել էին սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում էին զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ էր մտնել 3 ուղղությամբ:
Թուրքիան հռչակելով, թե Աֆրինում պայքարում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ, իրականում ռազմական գործողություններ էր իրականացնում տեղի քրդական ուժերի դեմ, ինչի արդյունքում փաստացի օկուպացրեց սիրիական Աֆրինի շրջանը: